ԱՀ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2019 թ-ին կազմել են 22 մլրդ 747.4 մլն ՀՀ դրամ.նախարարը հանդես է եկել մամուլի ասուլիսով

2019 թվականին ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն ապահովել է սոցիալական պաշտպանության և վերաբնակեցման ոլորտում պետական քաղաքականությունը՝ կարևորելով սոցիալական իրավունքի լիարժեք ու ամբողջական իրացման պայմանների ստեղծումը, սոցիալական պաշտպանության կարիք ունեցող անմրցունակ խմբերի համար առաջնահերթությունների սահմանումը, կենսաթոշակային և զբաղվածության համակարգերի կատարելագործումը, հաշմանդամների, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերը, վերաբնակեցման գործընթացի ակտիվացումը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ շարունակվել են ուշադրության կենտրոնում մնալ մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության ընդլայնման, տեղեկատվական բազաների ստեղծման և արդիականացման հարցերը: Այդ նպատակով Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվել Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, 6 օրենքների, 73 կառավարության որոշումների նախագծեր:

«Արցախի Հանրապետության սոցիալական պաշտպանության ճշտված բյուջեն կազմել է 22 մլրդ 747.4 մլն ՀՀ դրամ, կատարողականը՝ 21 մլրդ 959.9 մլն ՀՀ դրամ: Իրականացվել են 50-ից ավելի պետական ծրագրեր»,- նշել է նախարարը: Ս. Ավանեսյանի խոսքով՝ երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով շարունակվել է նորաստեղծ ընտանիքներին միանվագ ամուսնության նպաստի հատկացման ծրագիրը՝ յուրաքանչյուր անձին՝ 150 հազար ՀՀ դրամ:

Ըստ ոլորտի պատասխանատուի՝ 2019 թվականին ծրագրից օգտվել է 1481 անձ (2018թ-ի՝ 1587-ի դիմաց), այդ թվում` Արցախի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող 28 զինծառայողների (2018թ-ին նրանց թիվը 30 էր) ընտանիքներ. ընդհանուր ծախսերը կազմել են 222.15 մլն դրամ: 2018 թվականի համեմատ՝ նպաստառուների թվաքանակը նվազել է 106-ով, իսկ ծախսերը` (2018թ.՝ 238,05 մլն.դրամ), 15.9 մլն դրամով, որը կապված է քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում 2019 թվականին ամուսնությունների նվազմամբ:

Ասուլիսի վերջում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ինչպես նաև պարազաբանումներ տվել որոշ ծրագրերի վերաբերյալ:

ԿԻՍՎԵԼ