ԱՀ կառավարության նիստում հաստատվել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանն ասել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառել համատեղությամբ աշխատելու ժամանակահատվածը:
«Օրենքի նախագծով առաջարկվել է նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ նշանակել նաև լիազորագրով, եթե կենսաթոշակառուն հիվանդանոցային ձևով բուժվում է օտարերկրյա պետությունում: Միաժամանակ առաջարկվում է Արցախի Հանրապետության և ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում զինվորական կենսաթոշակի չվճարված գումարը վճարել նաև լիազորագրով, եթե կենսաթոշակառուն հիվանդանոցային ձևով բուժվում է օտարերկրյա պետությունում։ Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև հիվանդանոցային ձևով բուժումն ավարտվելը:
Հստակեցվել է կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը ընտանիքի այլ անդամին վճարելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես` նախագծով սահմանվել է, թե ով է հանդիսանում «ընտանիքի այլ անդամ» (զավակ, ամուսին, ծնող, թոռ, եղբայր, քույր, տատ, պապ, հորեղբայր, հորաքույր, քեռի և մորաքույր): Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերում ուժը կորցրած ճանաչել՝ աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքը, սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու իրավունք ունեցող անձին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքը: Նախագծով ներկայացված մյուս փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ»,-մանրամասնել է նախարարը: