Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Վերջին օրերին կենսաթոշակառուների շրջանում անհանգստություն է առաջացրել այն հարցը, որ 2020 թվականի հունվարի 1-ից ԱՀ-ում կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության պետ Վարդան Աբրահամյանը:
Նա նշել է, որ ԱՀ կառավարության կողմից պետական բյուջեով նախատեսված է կենսաթոշակների բարձրացում՝ հավելելով, որ սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից անհիմն շահարկումների առարկա է դարձել այն:
«Ընթացիկ տարվա հունվար ամսվա կենսաթոշակների վճարման ժամանակ այդ փոփոխությունները տեղի չեն ունեցել՝ կապված տեխնիկական խնդիրների և տոնական ոչ աշխատանքային օրերի հետ: Որոշման նախագիծը ներկայացված է ԱՀ կառավարությանը և մոտ օրերս որոշումն ընդունելուց հետո՝ փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման հետ զուգընթաց, տրամադրվելու են նաև բարձրացված և չվճարված տարբերությունները՝ սկսած հունվար ամսից: Տեղեկացնենք, որ 2020 թվականի հունվարից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրացվել են, որովհետև որոշումն ընդունվել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին»,-մասնավորապես ասել է Վ. Աբրահամյան և տեղեկացրել, որ նախատեսվում է միջինը 10 %-ի չափով բարձրացում:
«Եթե աշխատանքային կենսաթոշակների միջին չափը 2019 թվականին կազմել է 43 հազար, ապա 2020 թվականին այն կկազմի 47 հազար 300 դրամ: Կենսաթոշկների նշանակումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված բանաձևի միջոցով: ԱՀ կառավարությանը ներկայացված առաջարկով բարձրացվելու է հիմնական կենսաթոշակի մասը, որը եղել է 16 հազար ՀՀ դրամ, այն կդառնա 18 հազար: Բարձրանալու է նաև աշխատանքային մինչև 10 տարվա ստաժ ունեցող անձանց աշխատավարձը՝ նախկինում գործող 800 դրամի փոխարեն կլինի 950 դրամ: 10 և ավելի տարվա ստաժ ունեցող անձանց կենսաթոշակը հաշվարկվելու է 500 դրամի չափով՝ այսինքն փոփոխություն չի լինելու: Աշխատանքային կենսաթոշակը բարձրանալու է հիմնական կենսաթոշակի և մինչև 10 տարվա ստաժի 1 տարվա արժեքի փոփոխության արդյունքում: Յուրաքանչյուրի մոտ չափը լինելու է տարբեր՝ կախված աշխատանքային ստաժից: Սոցիալական կենսաթոշակները ևս կբարձրացվեն: Նախկինում եղել է 16 հազար դրամ, անցյալ տարի՝ 2019 թվականին, ներ է դրվել «նվազագույն կենսաթոշակ» հասկացություն, որով սահմանվել է, որ 25 հազար 500 դրամից ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուներին վճարումը պետք է կատարել 25 հազար 500 դրամի չափով: Այսպիսով՝ սոցիալական կենսաթոշակները կդառնան 26 հազար 500 դրամ»,-մանրամասնել է ոլորտի պատասխանատուն և ընդգծել՝ անհանգստանալ պետք չէ, կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է: Մեր զրուցակիցն ասել է, որ աշխատանքային կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների քանակը 19 հազար 546 է, իսկ սոցիալական կենսաթոշակառուներինը՝ 2534. ընդհանուր առմամբ՝ ԱՀ-ում ապրող 22 հազար անձի կենսաթոշակներ կբարձրացվեն:
ԿԻՍՎԵԼ