Կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդման ու մասնակիցների տեղեկացվածության բարձրացման նպատակով ԱՀ ֆինանսների նախարարությունն ու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան շարունակական քայլեր են ձեռնարկում, որոնց արդյունքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել հետևել իրենց կուտակային հատկացումների ճիշտ և ժամանակին փոխանցմանն ու կառավարման արդյունավետությանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ մասնակիցները կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ հաշվի օպերատորից («Արցախբանկ» ՓԲԸ) և «Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի անհատական հաշիվ» համակարգի միջոցով:
Այս հնարավորություններին ավելացել է ևս մեկ` ավելի մատչելի տարբերակ. այսուհետ մասնակիցները կենսաթոշակային հաշիվները կարող են ստուգել «Արցախբանկ» ՓԲԸ բանկոմատների միջոցով, որոնցով հնարավոր կլինի ստանալ անհատական կենսաթոշակային հաշվի մնացորդի, ինչպես նաև հաշվով կատարված վերջին 10 գործառնությունների պատմությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանկոմատի միջոցով կենսաթոշակային հաշվի մնացորդը ստուգելու համար անհրաժեշտ է քարտը տեղադրել բանկոմատում, մուտքագրել անձնական ծածկագիրը /PIN կոդը/, ընտրել «լրացուցիչ ծառայություններ» հրահանգը, այնուհետև` «կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը:
Քարտապանի հանրային ծառայության համարանիշը բանկային քարտին կցված չլինելու դեպքում անհրաժեշտ է դիմել քարտը սպասարկող բանկ և ներկայացնել հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտը), որից հետո հնարավոր կլինի օգտվել նշված ծառայությունից: