Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 27 միլիարդ 65 միլիոն կամ, 2019 թվականին հաստատված պետական բյուջեի համեմատ, ծախսերը կավելանան 3 միլիարդ 424 միլիոն դրամով:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ ոլորտի համար նախատեսված հատկացումներն ուղղվելու են բնակչության սոցիալական պաշտպանության գերակա ուղղություններին, մասնավորապես՝ պետական կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, աշխատանքի, բնակչության զբաղվածության, ընտանիքի, հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության, վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման, օրենսդրության կատարելագործման ու դրա իրականացման ապահովմանը:
Մասնավորապես՝ «Շարքային զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ ծրագրով» նախատեսվում է 19 միլիոն 400 հազար դրամ: «Կուտակային հատկացումներ մասնակցի կենսաթոշակային հաշվին» ծրագրով նախատեսվում է 4 միլիարդ 330 միլիոն դրամ: «Պետական նպաստներ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 2 միլիարդ 93 միլիոն 900 հազար դրամ: 126 միլիոն դրամի չափով պետական աջակցություն կտրամադրվի «Ստեփանակերտի տուն-ինտերնատ»-ին: 90 միլիոն դրամ էլ կհատկացվի սոցիալապես անապահով քաղաքացիներին և նրանց ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու համար:
Նախարարն անդրադարձել է նաև պետական բյուջեով նախատեսված այլ ծրագրերի ֆինանսավորմանը: