Սոցիալական կենսաթոշակների համար պետբյուջեից կհատկացվի մոտ 830 միլիոն դրամ

Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 829 միլիոն 800 հազար դրամ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը և ավելացրել, որ անհրաժեշտ միջոցները հաշվարկելիս հաշվի են առնվել կենսաթոշակառուների թվի փոփոխման միտումները՝ նվազագույն կենսաթոշակի չափը 26 հազար 500 դրամ սահմանելու պայմաններում:
«Կենսաթոշակի միջին չափը կկազմի շուրջ 26 հազար 600 դրամ: Օրենքով և ԱՀ Նախագահի հրամանագրով սահմանված «Կենսաթոշակներ ու դրամական պարգևատրումներ» ծրագրով նախատեսվում է ծախսել 191 միլիոն 500 հազար դրամ: 2019 թվականին նախատեսված էր 152 միլիոն 400 հազար դրամ: Ծախսերը հաշվարկելիս հաշվի են առնվել հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց թվաքականի միտումները դրամական պարգևատրման ամսական չափի պահպանման պայմաններում: Հաշվի է առնվել նաև 2020 թվականի հունվարի 1-ից գործող նոր ծրագիրը՝ կապված պատվավոր կոչումների արժանացած թոշակառուներին 20 հազար դրամի չափով պարգևատրելու հետ, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կենսաթոշակ ստացող անձանց կանխատեսվող աճը, հիմնական կենսաթոշակի և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքի պահպանման պայմաններում: Արդյունքում կենսաթոշակի միջին չափը կկազմի 220 հազար դրամ»,- մանրամասնել է Ս. Ավանեսյանը:
ԿԻՍՎԵԼ