Ծնելիության խթանման ծրագրին պետբյուջեից կհատկացվի շուրջ 765 միլիոն դրամ

Ծնելիության խթանման նպատակով՝ 2020 թվականին Արցախում շարունակվելու է երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը՝ պայմանավորված ընտանիքում ծնված երեխայի հաջորդականությամբ՝ պահպանելով 2010 թվականի հունվարի 1-ից գործող չափերը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է 765 միլիոն դրամի չափով ծախս՝ 2600 երեխայի հաշվով: «2019 թվականի հունվարի 1-ից ժամկետային ավանդները փոխարինվել են չափահասության նպաստով, որը կտրամադրվի ընտանիքում ծնված, երրորդ, չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաներին՝ 18 տարին լրանալուց հետո՝ համապատասխանաբար 500 000 և 700 000 դրամ: 2020 թվականի ծրագրի ընդհանուր ծախսերը, 2019 թվականի համեմատ, նվազել են 626 միլիոն 400 հազար դրամով՝ պայմանավորված ժամկետային ավանդների չձևակերպմամբ»,- նշել է Ս. Ավանեսյանը:
ԿԻՍՎԵԼ