Դեկտեմբերի 3-ը` հաշմանդամների միջազգային օր

1992 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Նպատակը՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, հանրության ուշադրության սևեռումը նրանց խնդիրներին, ինչպես նաև միավորել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այս խոցելի խմբի նկատմամբ:

Սահմանափակ կարողություններով անձանց յուրահատուկ է կամքի բացառիկ ուժն ու կյանքի հանդեպ անսասան հավատը: Եվ իրականացվող սոցիալական քաղաքականության առաջնային ուղղությունները պիտի լինեն այդ անձանց ինքնահաստատման ճանապարհին արգելքների վերացումը, արժանապատիվ կրթություն ստանալու ապահովումն ու աշխատանք ունենալու երաշխիքը:

ԱՀ իշխանությունները շարունակում են տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացնել հաշմանդամների սոցիալական պաշտպանության միջոցառումներ, որոնք ուղղված են հաշմանդամների իրավունքների ու շահերի պաշտպանությանը, նրանց համար հնարավորինս հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծմանը, հաշմանդամների բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հաշմանդամ երեխաների ներառական կրթության ու հաշմանդամների զբաղվածության խնդիրների լուծմանը:

Սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը Արցախի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին երջանկություն, բարեկեցություն:

 

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար
Սամվել Ավանեսյան

ԿԻՍՎԵԼ