Ստեփանակերտում նշվել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության գործունեության 15-ամյակը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, նշվել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության գործունեության 15-ամյակը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝  «Հանգանակ»    ՀԿ-ն  ստեղծվել  է    2004  թվականին: Կազմակերպության   հիմնադիրներն  են   գրող, լրագրող  Մաքսիմ  Հովհաննիսյանը   և  Զոյա  Թորոսյանը: Կազմակերպության   նպատակն  է իրականացնել   ծրագրեր  հասարակության    սոցիալապես    խոցելի  խավերի  համար:
Կազմակերպության      ծրագրի  հիմնական    նպատակը  Ստեփանակերտում   բնակվող  միայնակ   մեծահասակների  կյանքի   որակի   բարելավումն  է:

Միջոցառմանն  ԱՀ աշխատանքի,  սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարարի տեղակալ Ռուզաննա  Սարգսյանը՝  շնորհավորելով     կազմակերպության   հիմնադրման  15-ամյակի  կապակցությամբ, ասել է, որ  տարեցները  միշտ  էլ   եղել   են   պետության  ուշադրության  կենտրոնում:  Նրանց  համար իրականացվում են  մի  շարք  ծրագրեր, որպեսզի  տարեցներն  ապրեն  արժանավայել  կյանքով, շրջապատված  լինեն    հոգատար   ու  ջերմ  մարդկանցով, լինեն   խնամված:
«Մեր   նախարարության   համակարգում  գործում  է  տնային  պայմաններում    միայնակ  տարեցների  և  հաշմանդամների  սոցիալական  սպասարկման  կենտրոն, որտեղ  խնամք  են  ստանում 170  միայնակ տարեց: Այս  համատեքստում շատ  ենք  կարևորում   «Հանգանակ»  ՀԿ-ն  դերը:  Տարիներ  շարունակ   համագործակցելով  կազմակերպության  հետ     իրականացնում ենք  տարեցների   խնամքը, ցուցաբերում   բժշկական   օգնություն    և  այլ   սոցիալական   ծրագրեր»,-մասնավորապես  ասել է նախարարի  տեղակալը:
ԱՀ   մարդու  իրավունքների   պաշտպան  Արտակ  Բեգլարյանը   ևս  շնորհավորել   է    ՀԿ-ի     հիմնադրման    15-ամյակի    առիթով:
Նա  իր  խոսքում  ասել է. «Կազմակերպությունը   շատ  կարևոր առաքելություն  է  իրականացնում:   Տարեցների  հանդեպ  և  հատկապես  միայնակ   ու  կարիքավոր    ծերերի  նկատմամբ   ուշադրությունը յուրաքանչյուրիս  արժանապատվության    հարցն  է:   Տարեցները  մեր  ավագ   սերնդի  ներկայացուցիչներն  են, ովքեր   ժամանակին      կերտել    և     պաշտպանել    են      մեր  հայրենիքը, ծնել ու  սնել  են  սերունդներ:  Այժմ  ժամանակն  է, որպեսզի   գոնե  նվազագույն    ուշադրություն  ցուցաբերենք    տարեցների  հանդեպ: Ուրախ եմ, որ    կազմակերպությունը   բարձր  պրոֆեսիոնալիզմով   այդ  աշխատանքը  բոլորի   փոխարեն  կատարում  է»:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության նախարար   Լեռնիկ   Հովհաննիսյանը  կարևորել    և  արժևորել  է  «Հանգանակ»-ի     դերն Արցախի  հասարակական  դաշտում    ապրող  տարեցների     համար: Կազմկերպությունը  ձեռք  է  մեկնում  այն   մարդկանց, ովքեր  իսկապես   օգնության  կարիք  ունեն:
Նրա  խոսքով՝   տարիներ  ի   վեր  «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպությունը    մեծ  աջակցություն   է  ցուցաբերում    կազմակերպությանը:

«Հանգանակ»-ի  անդամ  Սվետա  Արզումանյանն  իր խորհին  շնորհակալությունն  է  հայտնել  կազմակերպության աշխատակիցներին,  ի  դեմս    ղեկավար   Գոհար  Հովհաննիսյանի,  ինչպես  նաև  այն   բարերաներին, ովքեր  հոգ  են  տանում  տարեցների մասին:
««Հանգանակ»-ի  աշխատակիցները  ջերմ   վերաբերմունք   և    հոգատարություն  են  ցուցաբերում  մեր  նկատմամբ:  Մեզ  համար  ցուցաբերում են  բազմակողմանի    աջակցություն՝ սննդամթերքի,  դեղորայքի, բուժսպասարկաման: Միայնակներիս  համար   շատ  դժվար   է  ապրել:   Կազմակերպությունն անում է  ամեն  ինչ, որպեսզի   մեր  օրն  անցնի  ուրախ, լինենք   համախմբված, և  մեզ  չզգանք   լքված»,-ավելացրել է   Ս. Արզումանյանը:
«Հանգանակ»-ի   15-ամյա    գործունեության    առթիվ՝   բարեխիղճ  աշխատանքի  և   ներդրած    ավանդի   համար  ԱՀ   մարդու  իրավունքների   պաշտպան  Արտակ  Բեգլարյանը, ԱՀ աշխատանքի,  սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարարի  տեղակալ  Ռուզաննա  Սարգսյանը   պատվոգրեր   և  շնորհակալագրեր   են  հանձնել   մի   խումբ  անձանց:
«Հանգանակ»   հասարակական     կազմակերպության  գործունեության  15-ամյակին  նվիրված  միջոցառմանը   ազգային  երգ ու  պարով  հանդես  են  եկել  Արցախի  պարի   պետական  և   Արցախի  բալիկներ  համույթները:
ԿԻՍՎԵԼ