Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արդեն երեք տարի է` վերաբնակեցման ոլորտի համակարգման գործառույթն իրականացնում է Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը: Վերջին ժամանակաշրջանում իրականացված ծրագրերի և սպասվող նորությունների շուրջ է մեր հարցազրույցը ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Արարատ ԲԱԽՏԱՄՅԱՆԻ հետ:
-Պրն Բախտամյան, հայտնի է, որ նախարարության կողմից աշխատանքներ են տարվում վերաբնակեցման պետական քաղաքականության նոր սկզբունքների մշակման, վերաբնակեցման գործընթացի կազմակերպման և իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունների իրավական ամրագրման համար: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել վերաբնակեցման քաղաքականության գործընթացն առավել ակտիվացնելու ուղղությամբ:
-Վերաբնակեցումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում և հանդիսանում է ԱՀ կառավարության գերակա խնդիրներից մեկը: Հասկանալով, որ արտաքին և ներքին գործոնների փոփոխման պայմաններում վերաբնակեցման գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան ճշգրտումներ մտցնել գործող ծրագրերում, նախարարությունը տևական ժամանակ է, ինչ մշակում է վերաբնակեցման նոր նպատակային ծրագիր: Մոտ ապագայում մենք գործող իրավական ակտերի մեջ փոփոխություններ կատարելու առաջարկություններ կներկայացնենք:
– Ինչպե՞ս է ընթանում վերաբնակեցման գործընթացը: Ինչպիսի՞ն է ոլորտի վիճակագրական պատկերը` վերջին հինգ տարիների առումով: Պետության կողմից ձեռնարկվող քայլերն այս դաշտում կարելի՞ է համակարգված և հետևողական անվանել:
-Վերաբնակեցման գործընթացը ԱՀ-ում սկսվել է 1992թ. և շարունակվում է առայսօր, այն պետական քաղաքականության հիմնարար բաղկացուցիչներից է: Ծրագրի իրագործման համար ձեռնարկվող քայլերը համակարգված և հետևողական են: Այս ոլորտում մեր հիմնական խնդիրը վերաբնակեցման հոսքի համակարգումը, վերաբնակեցվող ընտանիքների սոցիալական ու կենցաղային խնդիրների բարելավումը, յուրաքանչյուր ընտանիքի բնավորման և ապագա նորմալ կենսապայմանների ստեղծումն է: Ինչ վերաբերում է վիճակագրական պատկերին, ապա կառավարության 2003թ. համապատասխան որոշմամբ սահմանված կարգով 2014-2018թթ. տարբեր բնակավայրերում մշտական բնակություն հաստատած 301 ընտանիքներին (1202 մարդ, որից 594-ը՝ երեխա) տրվել է վերաբնակչի կարգավիճակ:
– Ի՞նչ փոփոխություններ են կատարվել վերաբնակիչների համար նախատեսված աջակցության ծրագրում, բոլոր վերաբնակիչների համար միատեսա՞կ արտոնություններ են նախատեսված:
-Ինչպես գիտեք, ԱՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ հաստատվել է ՙԱրցախի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագիրը՚, որի շրջանակներում նշված կարգավիճակ ունեցող քաղաքացիներին բնակպայմանների բարելավման նպատակով տրամադրվել է շինանյութ, ինչպես նաև սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման նպատակով` կահույք և խոհանոցային սարքավորումներ: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:
Ինչ վերաբերում է արտոնություններին, ապա նշեմ, որ վերաբնակեցվող ընտանիքներին (2 և ավելի շնչից բաղկացած աճող և աշխատունակ ընտանիքներ) արտոնություններ տրամադրվում են գործող համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով: Եթե նախկինում ընտանիքին փոխհատուցվում էր նրանց տեղափոխման ծախսերը, իրենց սոցիալ-կենցաղային կարիքները հոգալու, տեղում հնարավորինս կարճ ժամանակահատվածում բնավորվելու միանվագ գումարներ, ապա այսօր վերաբնակեցվող ընտանիքների համար նախատեսված է արտոնյալ բյուջետային վարկ` գործարար նախաձեռնությամբ սեփական մանր տնտեսությունը գործարկելու նպատակով: Ծրագրով յուրաքանչյուր ընտանիքի, կառավարության որոշման համաձայն, 10 տարվա օգտագործման իրավունքով տրամադրվում է անհատական տուն կամ բնակարան, որը պարտավորությունների կատարման (վարկի վերադարձ, մշտական բնակություն) դեպքում նվիրատվության պայմանագրով հանձնվում է տվյալ ընտանիքին` համատեղ սեփականության իրավունքով: 2009 թվականից գործարկվել է նաև պետության կողմից հատկացված շինանյութով սեփական ուժերով վերաբնակիչների բնակարանների վերակառուցման ծրագիրը: Մշտական օգտագործման իրավունքով վերաբնակեցվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է 0.6 հա հողատարածք: Ընտանիքը 5 տարի ժամկետով ազատվում է բնակարանային կոմունալ ծառայությունների (բնակվարձ, ջուր և կոյուղի) վարձավճարներից: ԱՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում համապատասխան որոշմամբ ընտանիքի յուրաքանչյուր շնչին ամսական տրվում է վառելափայտի և էլեկտրաէներգիայի փոխհատուցում: Բացի այդ, վերաբնակեցվող ընտանիքներն օգտվում են ԱՀ-ում գործող սոցիալական պաշտպանության բոլոր ծրագրերից (ամուսնության նպաստ, նորածնի ամենամսյա և միանվագ նպաստներ, թոշակներ և այլն)` ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ԱՀ քաղաքացիներին համահավասար:
Ձեր առաջին հարցի պատասխանին ի լրումն ասեմ՝ այսօր կարելի է արձանագրել, որ գործող աջակցության ծրագրերի ձևը և չափերը կարիք ունեն վերանայման, որոնք մեր նախարարության կողմից նոր առաջարկությունների փաթեթում կներկայացվեն քննարկման:
-Ինչպիսի՞ դերակատարություն ունեն տարբեր բարեգործական կազմակերպությունները վերաբնակեցման գործընթացում: Տարեցտարի ի՞նչ միտում է նկատվում:
-Գործում են տարբեր բարեգործական ծրագրեր: Առանձնացնենք Լիբանանի ՙԱրցախ ֆոնդ՚ հիմնադրամի ՙՆոր կյանք, նոր հույս՚ ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ԱՀ-ում վերաբնակված 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների տնտեսության զարգացմանը և կենսապայմանների բարելավմանն ուղղված բարեգործական միջոցառում: Այս ծրագիրը մեկնարկել է 2006 թվականին և շարունակվում է առայսօր: Ծրագրից 2008-2018թթ. օգտվել են 3 և ավելի երեխաներ ունեցող 1269 ընտանիքներ, ընդ որում` այդ տարիներին ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 207,4 մլն ՀՀ դրամ: Նշված գումարով վերաբնակ ընտանիքներին տրամադրվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ և մեղվափեթակներ: Գովելի է այն հանգամանքը, որ 2015-2018 թվականներին հիմնադրամի կողմից Լիբանանում կազմակերպվել և հաջողությամբ անցկացվել են արցախյան և հայկական արտադրության ապրանքների տոնավաճառներ, իսկ գոյացած ողջ հասույթն ուղղվել է ՙՆոր կյանք, նոր հույս՚ ծրագրին: Նաև աջակցության իրենց մեծ բաժինն ունեն ՙԹուֆենկյան՚ և ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամների միջոցառումները: Նշեմ նաև, որ ԱՀ կառավարության և ARI (Artsakh roots investment) կազմակերպության համագործակցության արդյունքում Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կառուցվել և վերաբնակ ընտանիքներին է հանձնվել 50 բնակելի տուն, ինչպես նաև կազմակերպության կողմից գյուղատնտեսությամբ զբաղվողներին (սիրիահայ վերաբնակ ընտանիքներին) հատկացվել են տարբեր վարկեր (լիզինգ)՝ ագրոտեխնիկա ձեռք բերելու համար: Վերաբնակեցան ծրագրի իրականացման համար, մասնավորապես Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի զարգացմանը, որպես օժանդակ օգնություն, հատկացվել է Արցախի ազգային վիճակախաղի առաջին խաղարկության հասույթի շուրջ 50%-ը: Գործում են բարեգործական բազմաթիվ այլ ծրագրեր:
-Արցախի վերաբնակեցման ծրագիրն իրոք համազգային նշանակություն ունի, սակայն այստեղ պետք է հաշվի առնել կարևոր մի հանգամանք ևս, որպեսզի մեր հանրապետությունում վերաբնակեցում իրականացվի` առանց վնասելու ՀՀ մարզերի համաչափ զարգացումը: Այս առումով մտահոգություն էր հայտնել նաև նախարար Ս. Ավանեսյանը: Նախարարը նաև հայտնել էր, որ նախատեսվում է ՀՀ և ԱՀ համապատասխան կառույցների կողմից վերաբնակեցման համատեղ ծրագրերի մշակում և իրականացում: Ի՞նչ նորություններ կան այս ուղղությամբ:
– Երկու հայկական պետություններում ստեղծված սոցիալ-տնտեսական անվտանգային իրավիճակը, միգրացիայի վերջին 2 տարիների բացասական մնացորդը և ծնելիության բավարար, սակայն մեզ չգոհացնող մակարդակը հաշվի առնելով՝ վերաբնակեցման գործընթացը օբյեկտիվորեն պետք է գնահատել դրական, ինչը, սակայն, չի ենթադրում, որ բացակայում են թերություններ կամ բացթողումներ, որոնց առկայությունը վկայում է ոչ թե վերաբնակեցման ծրագրերի հաջողված չլինելու, այլ այն մասին, որ այդ գործընթացի մշտական վերանայումն ու բարեփոխումն արդարացված ու պահանջված է: Մեր առաջարկությունները վերաբնակեցման վերաբերյալ (որոնք կներկայացվեն կառավարության և հանրության քննարկմանը) ենթադրում են երեք ենթածրագիր, որտեղ հաշվի են առնված մի շարք կարևոր պայմաններ: Դրանցից են ԱՀ ներսում մեկ բնակավայրից վերաբնակեցվող բնակավայր տեղափոխվելը՝ պայմանավորված բնակության վայրում ընտանիքի սոցիալական խնդիրները լուծելու հնարավորության բացակայությամբ, նաև` ՀՀ-ից ԱՀ վերաբնակեցվող բնակավայրեր տեղափոխվելը՝ երկու հանրապետությունների համատեղ ծրագրերի շրջանակներում` նպատակ ունենալով որոշակի սկզբունքների հիման վրա կառավարել ՀՀ-ից տեղափոխվող բնակչության հոսքը: Ուշադրություն է դարձվել նաև այլ երկրներից հայրենադարձող մեր հայրենակիցների տեղափոխվելու գործընթացին՝ առավելագույնս պահպանելով քաղաքային բնակավայրերում քաղաքի բնակիչների բնակեցման սկզբունքը: Մենք միաժամանակ վերաբնակեցման պետական քաղաքականությունում առանձնացնում ենք այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են վերաբնակեցման ծրագրի վերանայումը, նպատակային վերաբնակեցման որդեգրումը: Ենթադրվում է առաջարկվող արտոնությունների փաթեթում նախատեսել վերաբնակչի ունակություններին, մասնագիտությանը համապատասխանող աշխատանք, վերաբնակեցման իրականացումը՝ հիմքում ունենալով տարածքների համաչափ զարգացում: Կարևոր է նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով համայնքների, ենթաշրջանների, շրջանների տնտեսական պոտենցիալի գնահատումը և դրա հիման վրա սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումը, որը հնարավորություն կտա լուծել զբաղվածության խնդիրը: