«Վաստակավոր» կոչմանն արժանացած թոշակառու անձինք կստանան պատվովճար

Նախօրեին Խորհրդարանում կայացած լիագումար նիստում 20 կողմ, 1 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «ԼՂՀ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրենքի նախագծում փոփոխություն կատարելու պատգամավորական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ հանրապետության գիտության, կրթության, մշակույթի և լրագրության, առողջապահության, իրավագիտության, տնտեսագիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների աշխատողների ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդների համար շնորհվում է «Վաստակավոր» պատվավոր կոչումը: Գործող օրենքի հոդված 21-ով «Ժողովրդական» պատվավոր կոչման համար սահմանված է ամեմասյա պատվովճար, որի տրման կարգն ու ցանկը սահմանում է ԱՀ կառավարությունը: Այս փոփոխությամբ առաջարկվում է ամենամսյա պաատվովճար սահմանել նաև «Վաստակավոր» կոչմանն արժանացած արդեն իսկ թոշակի անցած անձին, ով չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք և ստանում է միայն կենսաթոշակ:
«Օրենքի նախագծի ընդունման դեպքում «Վաստակավոր» պատվավոր կոչմանն արժանացած թոշակառու անձինք կստանան պատվովճար, որը մեկ անգամ ևս կարժորի նրանց վաստակը, խթան կհանդիսանա տվյալ ոլորտի մյուս աշխատողների համար: Պատվովճարի տրման կարգն ու չափը կսահմանվի ԱՀ կառավարության կողմից»,- նշել է Լ. Բարսեղյանը:
Օրենքի նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նա ներկայացրել է ԱՀ կառավարության եզրակացությունը, ըստ որի՝ «ԼՂՀ պատվավոր կոչումների մասին» օրենքով մի շարք բնագավառներում հաջողությունների հասած անձանց շնորհվում է «Վաստակավոր» պատվավոր կոչումը, որն արդեն իսկ անձին արժևորելու դրսևորում է, ուստի պատվովճարի սահմանման մասին նախագծի ընդունումը նպատակահարմար չէ:
Իսկ գխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը, որին դեմ է քվեարկել 1, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:
ԿԻՍՎԵԼ