«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Այսօր կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստում 19 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որը ներկայացվել է կից փաթեթով:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը բխում է Արցախում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի ներդրման, դրա կառավարման և պետական կարգավորման անհրաժեշտությունից:
«Հանրապետությունում ներկայումս գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ, որը ֆինանսավորվում է ԱՀ պետական բյուջեից: Քանի որ բյուջետային սահմանափակ միջոցների հաշվին հնարավոր չէ ապահովել կենսաթոշակառուի նույն եկամտի մակարդակը, ինչը անձը ունենում էր աշխատանքային տարիներին, նախագծով առաջարկվում է ստեղծել մի համակարգ, որը միջին և երկար ժամկետում կապահովի կայուն և ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ՝ նպաստելով կենսաթոշակառուների կյանքի որակի բարելավմանը: Առաջարկվող կուտակային համակարգը միջազգային պրակտիկայում կիրառվող լավագույն փորձի օրինակ է, որի կիրառմամբ անմիջական կապ է ստեղծվում անձի եկամուտների և կենսաթոշակի միջև»,- նշել է Ա. Հարությունյանը:
Նախարարը ընդգծել է, որ միևնույն ժամանակ կուտակային կենսաթոշակային համակարգը ապահովում է անձի աշխատունակ տարիքում եկամտի և կենսաթոշակային տարիքում կենսաթոշակի միջև էական տարբերության բացառումը: Կուտակային բաղադրիչի մասնակիցը կուտակային կենսաթոշակից բացի ստանալու է հիմնական սոցիալական կենսաթոշակ, ինչպես նաև աշխատանքային կենսաթոշակ՝ մինչև 2019 թ.-ի հուլիսի 1-ը աշխատած տարիների համար, եթե այդ պահի դրությամբ ունի 10-ը և ավելի տարվա աշխատանքային ստաժ: Համաձայն նախագծի՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր մասնակից են համարվում 1974 թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, քաղաքացիա-իրավական պայմանագրերով եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց թիվը 2019 թ.-ի մայիսի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 26 հազար 500 քաղաքացի, որոնցից 23 հազար 960-ը՝ քաղաքացիա-իրավական պայմանագրերով աշխատող և 2600-ը՝ անհատ ձեռնարկատեր: Կուտակային համակարգին կարող են կամավոր միանալ նաև մինչև 1974 թ.-ի հունվարի 1-ը ծնված անձինք և ինքնազբաղված անձինք: Զուգահեռ «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի փոփոխությամբ՝ 2019 թ.-ի հուլիսի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը նվազեցվում է 1 տոկոսային կետով՝ սահմանելով 20 %:
Այսպիսով՝ 2019 թ.-ի հուլիսի 1-ից վարձու աշխատողների կողմից լրացուցիչ վճարվող գումարը կկազմի աշխատավարձի 1.5 %-ը: Միաժամանակ նվազագույն ամսական աշխատավարձ ստացող անձանց եկամուտները չեն նվազի, քանի որ գործատուն պարտավոր է այդ չափով բարձրացնել աշխատավարձը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը:
Մինչ քվեարկությունը «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը նշել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը, իրենց խմբակցությունն ընդունել էր գաղափարի ճիշտ լինելը, սակայն սխալ է համարում իրականացման ձևը:
«Մասնավորապես՝ խմբակցությանը մտահոգել էր, որ չէր ապահովվում կամավորության սկզբունքը, այլ օրենքի նախագիծը պարտադրում էր քաղաքացու մասնակցությունը և զրկում նրան անհատական որոշումներ կայացնելու ազատ իրավունքից: Մեր կարծիքով՝ կամավորության սկզբունքի կիրառումը կհանգեցնի գործընթացի ճիշտ գնահատմանը և ճիշտ մեթոդաբանության դեպքում ինքնըստինքյան կավելանա քաղաքացիների ընդգրկվածության թիվը: Օրենքից ընդունվելու տիրույթից դուրս է մնում քաղաքացիների մի հոծ զանգված, որը եկամուտ ուներ, սակայն չուներ աշխատավարձ: Ներկա օրենքի նախագծով մասնակիորեն հաշվի է առնվել մեր խմբակցության հնչեցրած առաջարկությունների մի մասը և պարտադիր բաղադրիչի հետ զուգակցվել է կամավորության սկզբունքը, սակայն չի վերացվել պարտադիր բաղադրիչը: Մեզ առավել մտահոգում է այն, որ այդ գումարները շրջանառության մեջ են դրվելու Արցախի և Հայաստանի Հանրապետությունների սահմաններից դուրս: Արտասահմանյան ֆինանսական այս կառույցների հետ, որոնց միջոցով նախատեսվում է  իրագործել վերոնշյալ գործընթացը, հարաբերությունների ճշգրտման և պատասխանատվության չափաբաժնի հստակեցման անհրաժեշտություն ենք տեսնում»,- ավելացրել է Ռ. Մնացականյանը:
Պատգամավորը հայտարարել, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:
Այնուհետև Խորհրդարանն անցել է երկրորդ քվեարկության, ըստ որի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման փաթեթի համար սահմանվել է 10 օր: Որոշման այս նախագծին կողմ է քվեարկել 25, դեմ՝ 1 պատգամավոր:
ԿԻՍՎԵԼ