Մեր գործունեությունն ուղղված է հաշմանդամների սոցիալական վիճակի բարելավմանը. Սամվել Ավանեսյան

Հաշմանդամների, տարեցների հիմնահարցերի բնագավառում 2018 թ.-ին իրականացվող ծրագրերը ուղղված են եղել հաշմանդամների սոցիալական վիճակի բարելավմանը, հասարակությանը նրանց ինտեգրմանը, հավասար պայմանների ապահովմանը, բժշկական, սոցիալական և հոգեբանական վերականգնմանն ուղղված աշխատանքներին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 24-ին Խորհրդարանում կայացած 2018 թ.-ի բյուջեի տարեկան հաշվետվությանն ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը և ավելացրել, որ հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման և աչքի պրոթեզավորման համար անցած տարում ծախսվել է 53 միլիոն դրամ:
Ծրագրի շրջանակներում «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել են մոտ 27 միլիոն դրամի պրոթեզաօրթոպեդիկ նյութեր՝ պրոթեզներ պատրաստելու և վերանորոգելու համար: Կենտրոնի կողմից 2018 թ.-ի ընթացքում 54 հաշմանդամի համար անվճար պատրաստվել են տարբեր տեսակի պրոթեզներ: 2017 թ.-ին այդ թիվը կազմել է 60: Վերանորոգվել է 71 պրոթեզ, 32 կանանց հատկացվել են կրծքագեղձի պրոթեզներ: Նշված ծրագրի միջոցներից հաշմանդամներին անվճար հատկացվել են 54 թիկնասայլակներ: Իսկ լսողական խանգարումներ ունեցող քաղաքացիներին հատկացվել է 157 լսողական սարք: Հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով և վերականգնման տեխնիկական միջոցներով  ու դրանց վերանորոգումը ապահովելու նպատակով կենտրոնին հատկացվել է 21 միլիոն 408 հազար դրամի չափով պետական աջակցություն:
ԿԻՍՎԵԼ