ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2019թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 148.0 հազ. մարդ, քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 56.7 տոկոս, գյուղականը՝ 43.3 տոկոս:

2019թ. տարեսկզբին ԱՀ մշտական բնակչության կազմում 48.9 տոկոսը կազմել են տղամարդիկ, 51.1 տոկոսը՝ կանայք: Բնակչության միջին տարիքը տարեսկզբի դրությամբ կազմել է 33.6 տարի, մասնավորապես, տղամարդկանց համար 32.1 տարի, կանանց համար՝ 35.1 տարի:

2019թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՀ մշտական բնակչության կառուցվածքում 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 26.4 տոկոս, աշխատունակ տարիքինը՝ 61.3 տոկոս, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը՝ 12.3 տոկոս: 2019թ. տարեսկզբի դրությամբ աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդուն բաժին է ընկել 629 մարդ՝ 0-15 տարեկան և կենսաթոշակային տարիքի:

Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը կազմում է 7 տոկոսից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացած: Այդ ցուցանիշը 2019թ. տարեսկզբի դրությամբ ԱՀ-ում կազմել է 10.4 տոկոս:

2019թ. տարեսկզբի դրությամբ բնակչության 38.8 տոկոսը կենտրոնացված է եղել մայրաքաղաքում, իսկ ԱՀ Մարտունու շրջանում բնակվում է բնակչության 14.5 տոկոսը, Մարտակերտի շրջանում՝ 13.4 տոկոսը, Ասկերանի շրջանում 11.5 տոկոսը, Հադրութի և Քաշաթաղի շրջաններում, համապատասղանաբար, 8.1 և 7.9 տոկոսը, Շուշիի շրջանում՝ 3.6 տոկոսը, Շահումյանի շրջանում՝ 2.2 տոկոսը:

Ծնելիություն 2019թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՀ-ում արձանագրվել է 2336 ծնունդ, որից 52-ը կազմել են բազմապտուղ ծնունդները: Ծնվածների ընդհանուր թվաքանակից 2328-ը կազմել են կենդանի ծնվածները, իսկ 8-ը՝ մեռելածինները: Ծնելիության ընդհանուր գործակիցը, որը բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում ծնվածների թվաքանակը 1000 բնակչի հաշվով, կազմել է 15.8 պրոմիլ:

2018թ.  ծնելիության գումարային գործակիցը (բնութագրում է երեխաների միջին թվաքանակը, որ կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, իր ողջ կյանքի ընթացքում ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում) կազմել է 2.101 երեխա, ընդ որում քաղաքային բնակչությանը՝ կազմել է 2.135, իսկ գյուղականինը՝ 2.042 երեխա: Հարկ է նշել, որ բնակչության պարզ վերարտադրության (երբ ծնողներին փոխարինող երեխաների սերունդը և ծնողների սերունդը հավասար են իրենց բացարձակ թվաքանակներով) համար անհրաժեշտ է 2.150 երեխա:

Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ 2018թ. կազմել է 28.0 տարեկան, իսկ առաջին երեխայի ծննդյան ժամանակ՝ 24.9 տարեկան:

2018թ. ըստ ծննդի հաջորդականության՝ երրորդ և հաջորդ կարգի ծնունդների մասնաբաժինը կազմել է ընդհամենը կենդանածինների 34.9 տոկոսը, քաղաքներում՝ 31.1 տոկոսը, գյուղական վայրերում՝ 41.1 տոկոսը:

Մահացություն  2018թ. ԱՀ-ում արձանագրվել է 1185 մահվան դեպք, իսկ մահացության ընդհանուր գործակիցը՝ 1000 բնակչի հաշվով կազմել է 8.0 պրոմիլ:

2018թ. մահվան դեպքերից 633-ը կամ 53.4 տոկոսը կազմել են տղամարդիկ, իսկ 552-ը կամ 46.6 տոկոսը՝ կանայք: Տղամարդկանց և կանանց մահացության տարբեր մակարդակներով պայմանավորված, տարբեր է նաև տղամարդկանց և կանանց կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշները ծննդյան պահից: Կյանքի սպասվող միջին տևողությունը ծննդյան պահից 2018թ. տղամարդկանց համար կազմել է 72.5 տարի, իսկ կանանց համար՝ 79.0 տարի: Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 71.6 կանանց համար՝ 78.5 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատասխանաբար, 73.7 և 79.6 տարի:

Հանրապետությունում արձանագրված բնակչության բնական հավելաճի ցուցանիշը 2018թ. կազմել է 1143 մարդ, իսկ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը՝ 7.7 պրոմիլ, 1000 բմակչի հաշվով:

Ամուսնություն և ամուսնալուծություն 2018թ. Հանրապետությունում արձանագրվել է ամուսնությունների 899 դեպք, ամուսնալուծության դեպքերը կազմել են 204 դեպք:

Ամուսնության միջին տարիքը տղամարդկանց շրջանում 2018թ. կազմել է 28.6, իսկ կանանց մոտ՝ 24.7 տարեկանը, իսկ առաջին ամուսնության միջին տարիքը, համապատասխանաբար, 27.8 և 24.0 տարեկանը:

Միգրացիա 2018թ. միգրացիոն տեղաշարժերի տարեկան ցուցանիշների մշակման արդյունքում՝ միջպետական միգրացիայի ուղղությունների վերաբերյալ ստացված տվյալների համաձայն, այդ բնութագրիչներով հանրապետությունում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 613 մարդ, ընդ որում՝ 544 մարդ  ժամանել է ՀՀ-ից, 69 մարդ՝ այլ երկրներից, իսկ մեկնողների թվաքանակը նույն ժամանակահատվածում կազմել է 828 մարդ, ընդ որում՝ 755-ը մեկնել է ՀՀ, 5-ը՝ այլ երկրներ:

2018թ. եկողների թիվը, 1000 բնակչի հաշվով, կազմել է 4.2 պրոմիլ, մեկնողներինը՝ 5.2 պրոմիլ:

2018թ. միգրացիայի մնացորդի ցուցանիշը կազմել է – 147 մարդ:

ԿԻՍՎԵԼ