«Տաշիր» հիմնադրամն Արցախի 4 երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն է տրամադրել

Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում, որի ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2018 թվականին Արցախի 201 ընտանիքներում չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրել է 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«Տաշիր» հիմնադրամն Արցախի 4 երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն է տրամադրել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  պետական  նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նա  կարևորել  է   ծրագրի  իրականացումը, քանի  որ  հայ  ընտանիքներում   նոր   ծնունդներ  են   ավելացել:
«Այս  իմաստով  «Տաշիր» բարեգործական հիմնադրամի  նախաձեռնությունը  նպաստում  է  երիտասարդ  ընտանիքների կայացմանը  և  բազմազավակության  խթանմանը, որն էլ  հանդիսանում է ամուր   պետականության  հիմքը: Բարեգործական  ծրագրի  մեկնարկից՝  2016 թվականից  սկսած,    մինչև այսօր,  ծրագրից  օգտվել  է  443  ընտանիք»,-մասնավորապես  ասել է
Գ.Մարտիրոսյանը:
Անդրադառնալով    հիմնադրամի հայրենանպաստ   գործունեությանը՝  ԱՀ  պետական  նախարարն  ասել է, որ    առողջապահության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման,  մշակույթի  և  մյուս  բոլոր  ոլորտներում   իրականացվել   և  այսօր  էլ  շարունակվում  են  իրագործվել տասնյակ  ծրագրեր:
«Իմ  երախտիքի  խոսքն  եմ  ուղղում   «Տաշիր» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներին՝  ի  դեմս  նախագահ  Սամվել   Կարապետյանի, այս  կարևոր    և   կենսական  նշանակություն  ունեցող  ծրագիրն  Արցախում   իրագործելու    համար: Շնորհակալություն  եմ   հայտնում  նաև  «Հայաստան»  համահայկական  հիմնադրամին, որի  միջոցով իրականացվում  են  նաև   Արցախի  զարգացմանն  ուղղված   բազում   բարեգործական ծրագրեր: Ուրախ  եմ, որ  ունենք  հայրենանվեր   առաքելություն իրականացնող   հիմնադրամներ, որոնք   մշտապես   Արցախի    և  արցախցու  կողքին  են  թե՛   դժվարին  և  թե՛  խաղաղ  ժամանկներում»,-ընդգծել  է  պետնախարարը:
Միջոցառմանը  ներկա  «Հայաստան»  համահայկական  հիմնադրամի    գործադիր  տնօրեն  Հայկակ    Արշամյանն  էլ  ասել է, որ  իր  համար  մեծ   հպարտություն  է, որ  Արցախում    ապրող   մեծ  թվով   ընտանիքներ   բազմազավակի   կարգավիճակ ունեն:
«Մեր  պայմաններում  4  երեխաներ   մեծացնելն  այնքան  էլ  հեշտ   չէ: Ես  վստահ  եմ, որ   ամեն  մեկս    մեր  նվիրական    գործունեությամբ   կկարողանանք  իրար  օգնելով  ու  աջակցելով  լուծել  բոլոր    խնդիրները  և    հայրենիքին  առողջ  երեխաներ  պարգևել»,-նշել  է  Հ. Արշամյանը:
«Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի  խոսքով՝  բարեգործական   ծրագրերից Արցախի  ընտանիքներում   ծնված  4-րդ  երեխաներին  տրամադրվող  դրամական  աջակցության   նախագիծը    ամենակարևորն  է  ու  սպասվածը:
«Սիրով  եմ  սպասում   այս  ծրագրին   և   ամեն  անգամ  ուրախությամբ  եմ  գալիս  Արցախ՝  զգալով  այս  հողի  շունչը  և  ստանալով   նոր  էմոցիաներ:    Աստված   տա՝  այս  փոքրիկները   մեծանան      խաղաղ  և  անհոգ,   և  իրականացվեն  բոլորի  երազանքները»,-ավելացրել է   Ն. Կարապետյանը:
Հայ առաքելական  եկեղեցու  Արցախի   թեմի  առաջնորդ    Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանն    իր  խոսքում      ընդգծել  է, որ    ծնելիությունն  ու  բազմազավակությունը  պետության  հիմքն  են:
«Ուրախ եմ, որ ունենք   հայորդիներ, նվիրյալ   զավակներ, ովքեր  գիտակցում  են, որ   բազմազավակությունը  խիստ  պահանջված  է  ազգի համար,  և  իրենք  կարողանում են  այդ  վսեմական  առաքելությունը  կյանքի  կոչել, դրանով  իսկ  գոտեպնդել  բոլորին:    Հայ  ժողովուրդը   կանգնած է կողք  կողքի,    և    բոլոր  խնդիրները  պետք  է  լուծենք  միասնական:  Շնորհակալություն եմ  հայտնում    «Տաշիր»  բարեգործական  հիմնադրամի   անդամներին, ովքեր   գալիս  են  մեր  ազգին սատար  կանգնելու, ուժեղացնելու. թող  շարունակեն  այս  նվիրական, աստվածահաճո, ազգօգուտ  և  պետականաշեն  սուրբ   առաքելությունը»,-մասնավորապես  ասել է  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը:
Ծրագրի  շահառու,   Մարտակերտի  շրջանի  Վանք  գյուղի   4 երեխաների    մայր   Նարինե  Աբրահամյանն  իր   խորին  շնորհակալությունն  է  հայտնել  «Տաշիր» հիմնադրամի    նախագահ    Սամվել  Կարապետյանին  նախագիծը  կյանքի  կոչելու  համար:
Նա   ասել է, որ   ինքը   զոհված  ազատամարտիկի    հարս   է,  և  իր    4-րդ   երեխան   ծնվել  է  Արցախի  անկախության   օրը՝  սեպտեմբերի  2-ին և  նրան՝  որպես    հերոս  պապիկի  հետնորդ, անվանել  են Արցախ: Նա   համոզմունք  է  հայտնել, որ  իր  որդիները    կլինեն  հերոսական  հայրենիքի   արժանի  զավակները:
Մեզ  հետ  զրույցում   Մարտունու  շրջանի  Ճարտար  քաղաքի   բնակիչ, 4 երեխաների  հայր     Արա  Գրիգորյանը  ևս      շնորհակալություն  է հայտնել  հիմնադրամին  և   նշել, որ    ստացած  գումարը   կօգտագործեն  բնակարանի  ձեռքբերման  նպատակով:
Միջոցառումն  ուղեկցվել   է   երաժշտական   կատարումներով, որից  հետո   ծրագրի  բոլոր   շահառուներին  տրամադրվել են վկայականներ, որոնք  ներկայացնելով  «Արցախբանկ» ՓԲ  ընկերություն,   կկարողնան  ստանալ    համարժեք  գումարը:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, պետական  այրեր, հյուրեր, բազմազավակ  ընտանիքների   անդամներ:
ԿԻՍՎԵԼ