ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 30-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ անցած տարում գերատեսչությունն ապահովել է ԱՀ Նախագահի ծրագրում ուղենշված սոցիալական պաշտպանության և վերաբնակեցման ոլորտում պետական քաղաքականության իրականացումը՝ կարևորելով սոցիալական իրավունքի լիարժեք ու ամբողջական իրացման պայմանների ստեղծումը, սոցիալական պաշտպանության կարիք ունեցող անմրցունակ խմբերի համար առաջնահերթությունների սահմանումը, կենսաթոշակային և զբաղվածության համակարգերի կատարելագործումը, հաշմանդամների, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերը, վերաբնակեցման գործընթացի ակտիվացումը:
«2018 թ.-ին ուշադրության կենտրոնում են մնացել մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության ընդլայնման, տեղեկատվական բազաների արդիականացման հարցերը: Այդ նպատակով ԱՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել Արցախի Հանրապետության օրենքների 4, կառավարության որոշումների 74 նախագծեր»,- նշել է Ս. Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, ԱՀ պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև առկա խնդիրների բացահայտման նպատակով նախարարությունը կարևորում է ոլորտում պարբերաբար իրականացվող մոնիթորինգի և վերահսկողության գործընթացները, և այդ պատճառով 2018թ.-ին ուսումնասիրություններ են իրականացվել նախարարության սոցիալական ապահովության տարածքային բաժիններում, սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» և «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» ՊՈԱԿ-ներում ինչպես նաև «Արցախփոստ» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերում:
2018 թ.-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվել են «ԱՀ Ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրություններ. զարգացման ուղիներ» և «ԱՀ գյուղական համայնքներում երիտասարդների խնդիրների ուսումնասիրություն» թեմաներով հետազոտությունների շնորհանդեսները: Բացի դրանից, կազմակերպվել է նախարարության 2018թ.-ին ստացած 8670 գրությունների (որից՝ 6757-ը քաղաքացիներից) միասնական շարժը: Նախարարությունից ելքագրվել է 7631 փաստաթուղթ: Տարվա ընթացքում գրանցվել է նախարարի և աշխատակազմի ղեկավարի 494 հրաման: Կազմակերպվել է քաղաքացիների 51 ընդունելություն: Ֆինանսական օգնության տրամադրման, աշխատանքի, հաշմանդամության և այլ հարցերով դիմած 519 քաղաքացիների հուզող հարցերին տրվել են համապատասխան լուծումներ»,- ավելացրել է Ս. Ավանեսյանը:
Մամուլի ասուլիսին ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարը պատասխանել է լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերին: