2018 թ.-ին ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրով շարունակվել է երեխաների ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստների տրամադրումը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ 2850 երեխայի ծննդյան կապակցությամբ, որոնցից 517-ին՝ ծնված 2017թ.-ին, հատկացվել է 831.7 մլն դրամ միանվագ նպաստ: 2017թ-ի համեմատ (2558 երեխաներ)՝ նպաստառուների թվաքանակը աճել է 292- ով, իսկ ծախսերը՝ 76.9 մլն դրամով:
«Հաշվետու ժամանակաշրջանում նախարարության կատարած աշխատանքները ուղղված են եղել Արցախում ծնելիության աճի խթանմանը, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի աստիճանական զարգացմանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենցաղային պայմանների բարելավմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային ապահովությանը, միգրացիոն գործընթացների կարգավորմանը: Միաժամանակ շարունակվել է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի անվամբ նպատակային ժամկետային ավանդների բացումը: Շարունակվել են 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նոր բնակարանների կառուցման աշխատանքները (2019թ հունվարի 1-ի դրությամբ հաշվառված են 350 ընտանիքներ), երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նորաստեղծ ընտանիքներին ամուսնության միանվագ նպաստի հատկացման ծրագիրը: 2018 թվականի դրությամբ ծրագրից օգտվել է 1587 անձ (2017թ.՝ 1878), այդ թվում՝ ԱՀ զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնող 30 զինծառայող, և ընդհանուր ծախսը կազմել է 238.05 մլն դրամ: 2017թ.համեմատ՝ նպաստների թվաքանակը նվազել է 291-ով, իսկ ծախսերը ՝ 43.65 մլն դրամով»,- ավելացրել է Ս. Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ պետական նպաստների ծրագրով 2018 թ. ծախսվել է 2 մլրդ 706.4 մլն դրամ (2017թ.՝ 2 միլիարդ 744.5 մլն դրամ), իսկ նպաստառուների թվաքանակը կազմել է 18 հազար 906 (2017թ.՝ 18 հազար 922):
Երեխաների խնամքի և պաշտպանության N1 և N2 գիշերօթիկ հաստատություններում 2018թ.-ին հոգածության ներքո են գտնվել առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների 4 տասնյակից ավելի երեխաներ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել է արցախյան ընտանիքներում 2017թ.-ին ծնված 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ 230 ընտանիքներին 4000-ական ԱՄՆ դոլարի տրամադրման գործընթացը:
«Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի տարածքում մշտական բնակություն է հաստատել 54 ընտանիք՝ 219 մարդ, որոնցից 114-ը՝ երեխաներ: Այդ ընտանիքներին տրամադրված ֆինանսական արտոնությունները կազմել են 21.6 մլն դրամ: Ուսումնասիրվել են 10 տարի Արցախում մշտապես բնակված 180 վերաբնակ ընտանիքների գործեր, որոնցից 101 ընտանիքներին հատկացված տները սեփականաշնորհվել են: Լիբանանի Արցախֆոնդի «Նոր կյանք, նոր հույս» ծրագրից օգտվել են վերաբնակեցվող բնակավայրերում 3 և ավելի երեխաներ ունեցող 107 ընտանիքներ: 2018թ. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16 մլն դրամ: Միաժամանակ 2018 թ.-ի ընթացքում վերոնշյալ ծրագրում հաշվառվել են 147 ընտանիքներ: Վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում նշված կարգավիճակ ունեցող քաղաքացիներին բնակելի տների և բնակարանների վերանորոգման նպատակով տրամադրվել է 54.7 մլն դրամ արժողությամբ շինանյութ, իսկ սոցիալ կենցաղային պայմանների բարելավման նպատակով՝ 1 մլն 850 հազ. դրամ ընդհանուր արժեքով կահույք և կենցաղային սարքեր»,- նշել է Ս. Ավանեսյանը: