2018թ.-ին վերականգնվել է Ադրբեջանից բռնագաղթված 7 անձի աշխատանքային ստաժը. նախարար

Կենսաթոշակային ապահովության բնագավառում 2018 թվականին շարունակվել են օրենսդրության կատարելագործման, քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի պատշաճ իրականացման, «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի շահագործման աշխատանքները:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ մշակվել են ԱՀ օրենքների և կառավարության մի շարք որոշումների նախագծեր:
«2018թ. կենսաթոշակ է նշանակվել 1447 անձի, վերահաշվարկվել է 3226 կենսաթոշակային գործ, վճարվել են 12 մլրդ 298.3 դրամ կենսաթոշակներ, 744.6 մլն դրամ  պարգևավճարներ և դրամական օգնություններ, 23.9 մլն դրամ  պատվովճարներ: Աշխատանքային և սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 22005 անձ: 2018թ. աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կազմել է 42.9 հազար դրամ, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին չափը՝ 18.3 հազար դրամ: 2018 թ. մայրության նպաստ է ստացել 1748 չաշխատող կին՝ 440.8 մլն դրամ ընդհանուր գումարով: 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողովը հաստատել է 7 անձանց աշխատանքային ստաժը»,- նշել է Ս. Ավանեսյանը:
ԿԻՍՎԵԼ