2019 թվականին վերաբնակեցման և միգրացիոն քաղաքականության բնագավառում նախատեսվում է վերաբնակեցման պետական քաղաքականության նոր սկզբունքների մշակում, վերաբնակեցման կազմակերպման և իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունների իրավական ամրագրում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ կշարունակվի նոր ընտանիքների ընդունման, կարգավիճակի և սահմանված արտոնությունների տրամադրման գործընթացի համակարգումը:
«Բացի դրանից, կիրականացվեն պարբերական ստուգումներ՝ բնավորված ընտանիքներին պետական ծրագրերով տրամադրվող օժանդակության հասցեականության բարձրացման նպատակով: Կակտիվացվի հայրենադարձության գործընթացը՝ շեշտադրում կատարելով սփյուռքահայության հետ կապերի ամրապնդման և հայրենադարձության գործընթացում վերջինիս դերի բարձրացման, վերաբնակիչների սոցիալական ադապտացման ու ինտեգրման ծրագրերի, ինչպես նաև վերաբնակ ընտանիքներով համալրված բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգերի մշակման և իրականացման վրա: Կշարունակվեն Ադրբեջանից բռնագաղթված, Արցախում ապաստանած և որպես փախստական հաշվառված անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Կշարունակվեն նաև փախստականի հաշվառման վկայական ունեցող և բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով վարձակալական հիմունքներով բնակվող, ինչպես նաև առավել ծանր պայմաններում գտնվող սոցիալական առանձին խմբերի պատկանող ընտանիքների վարձավճարների փոխատուցման ծրագրերը»,- ավելացրել է Ս. Ավանեսյանը: