Սոցիալական ծրագրերի հիմնադրամի լուծարումից շահառուներն ու աշխատակիցները չեն տուժել

Արցախի Սոցիալական ծրագրերի հիմնադրամի մի քանի տարվա գործունեությունը ցույց է տվել, որ այդ աշխատանքը կարելի է կազմակերպել այլ կառույցի միջոցով, և չունենալ լրացուցիչ հիմնադրամ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարիԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ ծրագրերից օգտվող շահառուները, սակայն, չեն տուժի հիմնադրամի լուծարումից:
«Այն ծրագրերը, որոնք ենթադրում են հիփոթեքային վարկերի սպասարկում, հաշվարկված տոկոսների սուբսիդավորում, կանխավճարների տրամադրում, կիրականացվեն Արցախի Ներդրումային հիմնադրամի կողմից: Սոցիալական աջակցություն ենթադրող երկու ծրագիր, կիրականացվի ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից: Նման ծրագրերի իրականացման փորձ գերատեսչությունն արդեն իսկ ունի: Այդ երկու ծրագրերը վերաբերում են գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին բնակարան կառուցելու ընթացքում պետական աջակցության տրամադրմանը՝ 3 միլիոն դրամի չափով, և օգտագործված էլեկտրաէներգիայի ու բնական գազի դիմաց տրամադրվող փոխհատուցմանը: Ինչ վերաբերում է հիմնադրամի աշխատակազմին, ապա նշեմ, որ աշխատակիցներն ապահովվել են աշխատանքով: Մասնավորապես՝ մեր նախարարությունում հիմնադրամի երեք նախկին աշխատակցի ենք աշխատանքի ընդունել վերոնշյալ երկու ծրագրերն իրականացնելու նպատակով, մյուսներին աշխատանքի կընդունեն Արցախի ներդրումային հիմնադրամում»,- ավելացրել է Ս. Ավանեսյանը:
ԿԻՍՎԵԼ