Պետական կենսաթոշակային համակարգում կներդրվի նոր գործիք

2019 թվականին նախատեսվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարիԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ արդյունքում «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել  նվազագույն կենսաթոշակի չափից (25 500 դրամ)։
 
«Ընթացիկ տարում կենսաթոշակային ապահովության  բնագավառում կշարունակվեն համակարգի կառավարման, ինչպես նաև կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակին և բյուջետային ծախսերի արդյունավետությանն ուղղված աշխատանքները: Կշարունակվի կենսաթոշակառուների հաշվառման էլեկտրոնային համակարգի շահագործումը, որը  հնարավորություն է տալիս առցանց եղանակով համադրումներ իրականացնել հանրապետությունում գործող նմանատիպ տեղեկատվական շտեմարանների հետ և մեկ ծրագրի ներքո միավորել բոլոր տեսակի կենսաթոշակների և դրանց զուգահեռ վճարվող այլ սոցիալական հատուցումների վերաբերյալ առկա տեղեկատվությունը: 2019 թվականին անփոփոխ կմնա աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը (16 000 դրամ), ինչպես նաև աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը (առաջին տասը տարվա համար 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ): Անփոփոխ կմնա նաև զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը՝ 16 000 դրամ, ինչպես նաև զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը (1 500 դրամ): Բացի դրանից, 2019թ. հուլիսի 1-ից Արցախում նախատեսվում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում»,- ավելացրել է Ս. Ավանեսյանը:
ԿԻՍՎԵԼ