2019 թվականին շարունակվելու է ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգի շահագործումը, որի նպատակն է սոցիալական աջակցության հասցեականությանը, բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական միջոցների արդյունավետ օգտագործման, սոցիալական և հարակից այլ ոլորտներում քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման ընթացքում համակարգի գնահատականների օգտագործման ապահովումը:

«Սոցիալական աջակցության բնագավառում կշարունակվի գործող պետական նպաստների ծրագրի իրականացումը` պահպանելով նպաստի բազային չափը և շահառուների խմբերը: Որոշակի սոցիալական խմբերում ընդգրկված անձանց համար 2019 թ.-ին կշարունակվի սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրման ծրագիրը: 2019 թ.-ին կշարունակվի գյուղական և քաղաքային բնակավայրերում, բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը: Սոցիալական իրավունքների արդյունավետ իրացման, սոցիալապես անապահով անձին (ընտանիքին) որակյալ և մատչելի, իր կարիքներին համարժեք, «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական համալիր ծառայությունների տրամադրման նպատակով կշարունակվեն ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման աշխատանքները»,- նշել է Ս. Ավանեսյանը՝ հավելելով, որ միաժամանակ կշարունակվի առաջին և երկրորդ խմբերի զինվորական հաշմանդամների ընտանիքների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագիրը: