Սույն թվականի դեկտեմբերի 14-ին կայացել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված <<Արցախի Հանրապետության գյուղական համայնքներում երիտասարդների խնդիրների ուսումնասիրություն>> հետազոտության ամփոփ վերլուծությունը:
Հետազոտությունն իրականացվել է Արցախի Հանրապետության 7 շրջանների մինչև 500 բնակիչ և 500-ից ավելի բնակիչ ունեցող 66 գյուղական համայնքներում: Նախարարության աշխատակազմի ժողովրդագրության և միգրացիայի վարչության կողմից մշակվել էր հարցաթերթ, որում արծածվում էին համայնքին ու համայնքի բնակիչներին վերաբերող տարբեր բնույթի 60-ից ավել հարցեր (համայնքում հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունները, զբաղվածություն, միգրացիա, ծնելիություն, մահացություն, հողային ռեսուրսներ, հողի հարկի հավաքագրում, բնակչության ունեցվածք, ամուսնություն, չամուսնանալու պատճառներ, կոմունալ կենցաղային ապահովություն և այլ նմանատիպ հարցեր): Եթե նախկին հետազոտությունները իրականացվում էին դաշտային աշխատանքների ձևաչափով, այսինքն հարցավարներն էին հարցումներ կատարելու համար մտնում տնային տնտեսություններ, ապա այս անգամ, քանի որ նպատակադրել էինք վեր հանելու գյուղական համայնքների ընդհանուր նկարագիրը, որոշվեց հարցաթերթը լրացնելը թողնել համապատասխան համայնքի ղեկավարին:
Լրացված հարցաթերթերը համայնքներից ստանալուց հետո վարչության կողմից ամփոփվել են տվյալները և ներկայացվել ՀՀ <<Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի մեր գործընկերներին: Կատարելով անհրաժեշտ լրացուցիչ ուսումնասիրություններ նրանք տվել են մասնագիտական եզրակացությունները, միաժամանակ հանդես եկել առաջարկություններով: