ԱՀ Հադրութ քաղաքի Ա.Կասպարովի փողոցի N 6/1 բնակարանի բնակչուհի
Լիանա Գագիկի Պետրոսյանին
Հարգելի Լիանա Պետրոսյան
Արցախի Հանրապետության աշխատանքի٫ սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունում քննարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 2-ին «hartak.am» էլեկտրոնային կայքի միջոցով ԱՀ Նախագահին ուղղված Ձեր բաց նամակը։
Հայտնում ենք, որ Ձեր մորը՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Գագիկ Յաշայի Պետրոսյանի այրի Իրա Պետրոսյանին٫ հաշվի առնելով նրա ընտանիքի 4 անձից բաղկացած կազմը, ԱՀ կառավարության կողմից 2003 թվականին հատկացվել է համապատասխան գումար՝ բնակարան ձեռք բերելու նպատակով: Նշված գումարով նույն թվականին նրա կողմից գնվել է Հադրութ քաղաքի Ա.Կասպարովի N 6/1 հասցեում գտնվող բնակարանը, ինչպես նաև նշված շենքի բակում հողամաս՝ շինությունով:
2010 թվականին Ի.Պետրոսյանին տրամադրվել է նաև փոխհատուցում՝ պետության կողմից տրված գումարով գնված բնակարանի վերանորոգման համար:
Ինչ վերաբերում է պետական տարբեր մարմիններին նշված հարցով Ձեր դիմելու պարագային, ապա այդ կապակցությամբ ստուգվել են վերջին 10 տարիներին «Բնակարանային ծրագրերի համակարգման կենտրոն» պետական ոչ կառավարչական հիմնարկ, ԱՀ կառավարության նախկին բնակարանային հարցերի, ինչպես նաև նախարարության աշխատակազմի բնակարանային հարցերի վարչություն մուտք գործած գրությունները, սակայն Ձեր անունից տրված որևէ դիմում կամ գրություն չի հայտնաբերվել: Համաձայն ԱՀ Նախագահի 2011 թվականի մարտի 29-ի հանձնարարականի՝ նախկին «Բնակարանային ծրագրերի համակարգման կենտրոն» պետական ոչ կառավարչական հիմնարկին են ներկայացվել հանրապետությունում բնակպայմանների բարելավման կարիք ունեցող զոհված ազատամարտիկների ընտանիքների ցուցակները, որտեղ ևս Իրա Պետրոսյանի ընտանիքը ներառված չէր:
Հարգելի Լիանա٫ զոհված ազատամարտիկների ընտանիքները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում٫ և դրա մասին են վկայում հանրապետությունում գործող ծրագրերը: Մասնավորապես շարունակվում են դեռևս բնակտարածքով չապահովված, ինչպես նաև բնակարանի վերանորոգման կարիք ունեցող զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրերը, իսկ սկսած 2016 թվականից վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու նպատակով զոհված ազատամարտիկների զավակներին տրամադրվում են կանխավճարի մասնակի փոխհատուցում և տոկոսագումարների լրիվությամբ սուբսիդավորում:
Տեղեկացնում ենք նաև, որ մշակվել և քննարկման փուլում է գտնվում ԱՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում են որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող ԱՀ քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով նոր կարգավորումներ, ինչպես նաև նշված գործընթացի շրջանակներում կուսումնասիրվեն քաղաքացիների՝ մասնավորապես զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանները և կկայացվեն համապատասխան որոշումներ:
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի
և վերաբնակեցման նախարարություն