Ֆ. Նանսենի անվան մանկատան սաների այցը Արցախ

2009 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Գյումրի քաղաքի Ֆ. Նանսենի անվան մանկատան սաները, “Որբերը” հեռուստասերիալի գլխավոր դերակատարները` “Ծիրանավոր” իրավապաշտպան բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գալստյանի ուղեկցությամբ և ՀՀ առաջին տիկնոջ հովանավորությամբ այցելեցին Արցախ:
Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցու մոտ նրանց աղ ու հացով դիմավորեցին “Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության” սաները, դաստիարակները, ԼՂՀ  սոցիալական ապահովության նախարարության  պատասխանատուները, այնուհետև եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն, որի ընթացքում Ա. Գալստյանը գիշերօթիկի սաներին հանձնեց իրենց կողմից բերված նվերները` ոսկյա խաչերը:
Եղան նաև ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության թանգարանում և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության հուշաթանգարանում: Երեկոյան այցելեցին թիվ 1 գիշերօթիկ հաստատություն:
Հաջորդ օրը մանկատան սաներն ու նրանց ուղեկցողները նախ ծանոթացան “Մենք ենք, մեր սարեր” կոթողին, ապա ուղևորվեցին Գանձասար վանք և զմայլվեցին պատմամշակութային հրաշքով:
Գեղատեսիլ Արցախի բնության հրաշքներն արտացոլվում էր երեխաների աչքերում և զգացվում էր, թե ինչպես են Արցախ երկրից ուժ ստանում ու խանդավառվում կյանքի հորձանուտում հայտնված մանուկները…
Բազում տպավորություններով ճանապարհվեցին ՀՀ և հուսալով, որ մոտակա ամիսներին հնարավորություն կունենան իրենց մոտ հյուրընկալել թիվ 1 գիշերօթիկի սաներին:

 

ԿԻՍՎԵԼ