2009թ. սեպտեմբերի 26-ին ձեռքի կառավարման հերթական վեց ավտոմեքենաների հավաստագրերն ու բանալիները զինվորական հաղթական երաժշտության ներքո հանձնվեցին ԼՂՀ պատերազմի առաջին խմբի հաշմանդամներին: Այդ առթիվ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած արարողությանը ներկա էին ԼՂՀ բարձրագույն ղեկավարությունը, զինվորականության և հասարակայնության ներկայացուցիչները: ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, իր խոսքում բարձր գնահատելով պետական աջակցությամբ ծնունդ առած ծրագրի դերն ու նշանակությունը արցախյան պատերազմի հաշմանդամներին հասարակությանը ինտեգրելու գործում, ԼՂՀ իշխանությունների անունից խորին շնորհակալություն հայտնեց Մոսկվայի “Լուդինգ” ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին` երկրորդ անգամ ծրագիրը ֆինանսավորելու համար: Հատկանշական է, որ հայտնի բարերարի հերթական այցը համընկավ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյա հոբելյանի տոնակատարության միջոցառումների հետ: Այսպիսով, պետական և բարեգործական աջակցությամբ առ այսօր ԶԱԶ “SENS” մակնիշի ավտոմեքենաների տերեր են դարձել արցախյան պատերազմի առաջին խմբի 39 հաշմանդամներ: Նարինե Ասծատրյանի հավաստմամբ, նման ավտոմեքենաների հանձնման ծրագիրը, որի առաջին փուլն արդեն ավարտված է, կունենա իր շարունակությունը: