Պարգևատրվել է շնորհակալագրով

Պարգևատրվել է շնորհակալագրով

ԼՂՀ “Արցախի բալիկներ-Արփի” պետական մանկապատանեկան համույթի տնօրեն Սերգեյ Հարությունյանի 60-ամյակի և համույթի 20-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվեց հոբելյանական երեկո:  Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պետական պաշտոնյաներ և հասարակական գործիչներ:
Շնորհիվ Սերգեյ Հարությունյանի տաղանդի ու կազմակերպչական ձիրքի, մանկական այս համույթը հիրավի դարձել է երեխաների, զինվորների, տարեցների և ընդհանրապես` ողջ արցախահայության սիրելին: “Արցախի բալիկներ”-ում են իրենց մկրտությունը ստացել ՀՀ հանրահայտ երգիչներ Ռազմիկ Ամյանը, Անդրեն, Վարդան Բադալյանը:
Համույթը բարեգործական համերգներով բազմիցս հանդես է եկել նաև ԼՂՀ սոցապահովության նախարարության համակարգում գործող երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների սաների և տուն-ինտերնատի բնակիչների առջև` իր արվեստով գեղագիտական մեծ հաճույք պատճառելով նրանց և յուրովի պահպանելով ազգային դիմագիծը:
Երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար Սերգեյ Վլադիմիրի Հարությունյանը պարգևատրվել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի  շնորհակալագրով: Հանդիսավոր երեկոյի ընթացքում հոբելյարին շնորհավորեց և շնորհակալագիրը հանձնեց ԼՂՀ սոցապահովության փոխնախարար Սրբուհի Արզումանյանը:

 

ԿԻՍՎԵԼ