Ժողովրդագրական ցուցանիշներ

Նոյեմբերի 1-ի դրությամբ 2009 թվականին Արցախում ծնված երեխաների թիվը 2008 թվականի նույն ժամանակահատվածում ծնվածների համեմատ աճել է 370-ով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդագրական ակտիվ քաղաքականության արդյունքներն ակներև են:
Ուրախությամբ արձանագրում ենք, որ պետական միջոցների հաշվին իրականացվող ծնելիության ու բազմազավակության խթանման միջոցառումները դրականորեն են անդրադարձել հասարակության կյանքի վրա:
01.01.2009-01.11.2009թթ. ժամանակահատվածում Արցախում ծնվել է 2389 երեխա: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 18,3 %-ով (կամ 370 երեխայով) աճել է ծնված երեխաների թիվը:
Ծննդյան նպաստ ստացածների մասին տվյալների համաձայն 26%-ով (կամ 83 ընտանիքով) աճել է 3-րդ երեխաներն ունեցած, իսկ 63%-ով (60 ընտանիք)` 4-րդ երեխաներն ունեցած ընտանիքների թիվը, կրկնապատկվել է 6-րդ երեխան ունեցած ընտանիքների թիվը (23 ընտանիք), 9-րդ երեխան են ունեցել` 3, 12-րդ երեխան` 2 ընտանիքներ: Միայն 188-ով աճել է ընտանիքում ծնված  1-ին և 2-րդ երեխաների թիվը:
Միանշանակ ողջունելի է, որ արցախյան հայկական ընտանիքներում կրկին հարգի է բազմազավակությունը:
2009թ. նոյեմբերի 1-ի դրությամբ  նպաստի համակարգում ընդգրկվել է 3-րդից 12-րդ երեխաներ ունեցած 657 ընտանիքներ` նախորդ  տարվա  նույն  ժամանակահատվածի համեմատ ավելանալով 170-ով (35% աճ), ընդ որում` աճ է գրանցվել  հիմնականում վերաբնակեցվող շրջաններում. Ասկերանի շրջանում այն կազմել է 61%, Շահումյանի շրջանում` 53%, Քաշաթաղի շրջանում` 46%: Ցուցանիշներով չի զիջում նաև Ստեփանակերտ քաղաքը. աճը կազմել է 40%: Մեր բոլոր արցախյան բալիկներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն, իսկ նրանց ընտանիքներին` բարեկեցություն ու շարունակական համալրում:

ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԻՍՎԵԼ