Նախարարի հարցազրույցը ԱՀ “Սոցիում” ծրագրին

Ինչպիսի՞ն էր 2009թվականը ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության համար:

-Վերջին երկու տարիներին ԼՂՀ իշխանությունները առավել մեծ ուշադրություն են դարձրել մեր քաղաքացիների սոցխնդիրների լուծմանը: Այսպես, 2009թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են ԼՂՀ պետական բյուջեի ծախսերի 27,2%-ը կամ 15.9մլրդ դրամ, 2008թ. համեմատ ավելանալով 1,3 տոկոսային կետով (2008թ.`13,6մլրդ դրամ կամ 25,9 %), իսկ 2007թ. համեմատ` 8,8 տոկոսային կետով (2007թ.`6,7 մլրդ դրամ կամ 18,4 %): Որ պետական  իշխանության հանդեպ քաղաքացիների վստահությունը մեծացել է,  վկայում է նաև նրանց կողմից տարբեր սոցիալական հարցերով սոցապ նախարարությանը ներկայացվող դիմումների քանակը: Այն  2007թ. համեմատ 2009թ. ավելացել է  1486 դիմում-գրությամբ կամ 43%-ով: Անցած երկու տարիները բավական հագեցած էին նաև նախարարության իրավական նախաձեռնությունների առումով. 150-ից ավելի իրավական ակտեր են մշակվել: Կյանքի են  կոչվել մեկ տասնյակ  բոլորովին  նոր սոցծրագրեր:

ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականություն
Ժողովրդագրական վիճակի բարելավումը,  որն, ի դեպ, ԼՂՀ Նախագահի և կառավարության կողմից  հայտարարվել էր պետական քաղաքականության գերակայություն, շարունակել է մնալ նախարարության գործունեության առանցքում:
Նախարարության կողմից արդեն մշակվել և կառավարության առաջիկա նիստում քննարկման է ներկայացվել ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագիծը: Այն իշխանության պետական և համայնքային մարմինների հիմնարար փաստաթուղթը կլինի ծնելիությանը, առողջությանը, կյանքի տևողությանը, կրթությանը, միգրացիային և ժողովրդագրական զարգացման այլ ուղղություններին վերաբերող խնդիրները լուծելիս:

Շնորհիվ այս  համատեքստում ծնունդների խրախուսման ներդրված նոր համակարգի, ողջունելի է, որ 2007թ. համեմատ շուրջ 30%-ով ավելացել է 2009թ. ծնունդների թիվը, իսկ բազմազավակ ընտանիքների թիվը` 43% ով:

Արդեն 2-րդ տարին է, ինչ երեխաների հիմնահարցերը կարգավորող նոր ընդունված օրենքի շրջանակներում մշակվում և կյանքի են կոչվում երեխաների իրավունքների պաշտպանության ամենամյա ծրագրերը: Ըստ այդմ էլ , օրինակ, 2009թ. հունվարի 1-ից ավելի քան 2 անգամ բարձրացվել են հաշմանդամ և միակողմանի ծնողազուրկ երեխաներին վճարվող նպաստների չափերը: Առանձնակի կարևորվել են երեխաների շրջայցերը հանրապետությունից դուրս, որը բացի ճանաչողական լինելուց, նաև հնարավորություն  է ծանոթանալու այլ երկրների իրենց հասակակիցների ապրելակերպին ու հետաքրքրություններին:

Որպես պետության կողմից որդեգրված` ժողովրդագրական իրավիճակի բարելավման համալիր ծրագրերի անբաժանելի և կարևորագույն բաղադրիչ է դիտարկվում հանրապետությունում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը: Մասնավորապես, 2009թ. աշխատանքներ են տարվել վերաբնակվելու ցանկություն հայտնած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, վերաբնակ ընտանիքներին բնակտարածքով ապահովման աշխատանքների արդյունավետության բարձրացման, զբաղվածության և մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Անելիքներն այս ոլորտում բավական շատ են և պահանջում են բոլոր շահագրգիռ կառույցների (այդ թվում `ոչ միայն հանրապետության ներսում գործող) համալիր աշխատանք:

Վերջին երկու տարիների ընթացքում հանրապետությունում բավական մեծ թափ է ստացել բնակշինարարությունը: Պետական ծրագրերի շրջանակներում 2008-2009թթ. բարելավվել են (բնակապահովում, բնակվերանորոգում և այլն) 229 արտոնյալ խմբերին պատկանող  ընտանիքների բնակարանային պայմանները, որոնց մեծ մասը (131 ընտանիք կամ 57%)` զոհված զինծառայողների ընտանիքներ:

Կենսաթոշակային ոլորտ
Չնայած ճգնաժամային իրադրությանը, 2009թ. լրիվ ծավալով ապահովվել են կենսաթոշակային վճարումները, որոնք, ի դեպ, 2008թ. համեմատ ավելի բարձր էին նախատեսված: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ:

Սոցաջակցություն
Հաշմանդամների լիարժեք մասնակցությունը  հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովելու, նրանց հասարակություն ինտեգրելու նպատակով կառավարության հաստատմանն էր ներկայացվել Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2009-2015 թվականների ռազմավարությունը:
Ռազմավարության ծրագրում ամրագրվել են հաշմանդամների հիմնախնդիրների  լուծման նպատակով հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, նախանշվել նոր ծրագրեր: Կազմվում են տարեկան ծրագրեր: Այս համատեքստում աջակցության ծրագրերին զուգահեռ, նաև` ոլորտում հասցեականությունը բարձրացնելու և սոցիալական արդարություն ապահովելու նպատակով արդեն իսկ սահմանված հաշմադամության խմբերի օրինականության ու հիմնավորվածության հարցը պարզելու համար սոցիալական ապահովության և առողջապահության նախարարությունների համակարգերում աշխատող հաշմանդամների  շրջանում հսկողական փորձաքննություն է իրականացվել: Արդյունքները մտահոգության տեղիք են տվել: 2010թ-ին ևս հսկողական փորձաքննությունները պետական համակարգի հաշմանդամ աշխատողների նկատմամբ շարունակական  կլինեն:

Աշխատանք և զբաղվածություն
Չնայած ճգնաժամին, միայն 2009թ. հանրապետությունում ավելի քան 1500 աշխատատեղեր են բացվել և նվազել է նպաստառու գործազուրկների թիվը: Պետական բյուջեի միջոցներով 5 տասնյակից ավելի գործազուրկների համար կազմակերպվել են մասնագիտական ուսուցման դասընթացներ, ինչը աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ է դարձնում:

Մշակվում են զբաղվածության տարեկան ծրագրեր: Մեթոդական և հսկողական աշխատանքներ են իրականացվում գործատուների կողմից աշխատողների աշխատանքային իրավունքների ապահովման ուղղությամբ:

Մեկնարկել է մասնագետներին խրախուսման  և սոցաջակցության մի նոր ծրագիր ևս, որի նպատակն է աջակցել բժշկական համակարգը  բժիշկ կադրերով համալրելուն: Այս ծրագրի շրջանակներում ընդգրկվել են հանրապետության 4 տասնյակից ավելի բժիշկներ:

Նախարարի ամանորյա շնորհավորական խոսքը

Տարեմուտի շեմին ցանկանում եմ շնորհավորել մեր քաղաքացիներին, մաղթել  առողջություն ու  բարեկեցություն, խաղաղ պայմաններում արարելու հնարավորություն: Միաժամանակ ուզում եմ հավաստիացնել, որ  վերջին տարիներին մեկնարկած սոցծրագրերը ոչ միայն շարունակություն են ունենալու, այլ կյանքի են կոչվելու մեր ազգային ավանդական ապրելակերպին հարիր նոր ծրագրեր:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

ԿԻՍՎԵԼ