Զբաղվածության ոլորտի ակտիվ պետական ծրագրերի շրջանակներում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ս.թ. նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 17-ը կազմակերպվել է գործազուրկների մասնագիտական ուսուցման դասընթաց, որն իրականացվել է “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոն” ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի միջոցով:
Դասընթացի նպատակն էր` մասնագիտական ուսուցման միջոցով գործազուրկներին աջակցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման հարցում, նրանց աշխատաշուկայում դարձնել առավել մրցունակ:
Երկու ծրագրերում` համակարգչային հաշվապահության և համակարգչային գործավարության, ընդգրկվել են 55 գործազուրկներ թե’ մայրաքաղաքից և թե’ շրջաններից: Ակտիվ են մասնակցել հատկապես Քաշաթաղի և Շուշիի շրջանների գործազուրկները (մասնակցողների 55 %-ը): Ընդ որում` մասնակիցների կեսից ավելին միջնակարգ կրթությամբ իգական սեռի ներկայացուցիչներն են:
Ուսուցումը հատկապես այս մասնագիտությունների գծով իրականացնելը պայմանավորված էր նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժնի կողմից իրականացված վերլուծության ու դիտարկման արդյունքներով, նաև հաշվի առնելով գործազուրկների նախապատվությունները:
Ուսուցման արդյունքներով վկայականներ ստացել են 38 գործազուրկներ: Իսկ մնացած 17 գործազուրկներին տրվել է դասընթացն ունկնդրած լինելու մասին տեղեկանք և 40 օրվա ընթացքում հնարավորություն` վերահանձնել քննությունը և ստանալ վկայական:
Ուսուցման ամբողջ ծախսերը, այդ թվում` գործազուրկներին տրվող ճանապարհածախսը, փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներից: Ուսուցման ավարտին մասնակիցներին տրվել է նաև կրթաթոշակ:
ԼՂՀ սոցապահովության նախարարությունը համապատասխան տարածքային մարմինների և գործատուների հետ ակտիվ աշխատանքներ կտանի դասընթացը հաջողությամբ յուրացրած գործազուրկներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ: