Ազգային ժողովի կողմից հրավիրված արտահերթ նիստում ԼՂՀ սոցապահովության նախարար Ն.Ասծատրյանը ներկայացրեց երեք օրինագիծ` Հաշմանդամների սոցիալական պաշտպանության, Զբաղվածության կարգավորման 2010 թվականի տարեկան ծրագրերի մասին, “Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին” ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Վերջին տարիներին փոխվել է հաշմանդամության նկատմամբ վարվող գաղափարախոսությունը, փոխվել են մոտեցումները` բժշկական մոդելը փոխարինվել է սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է ոչ միայն հավասար իրավունքներ, այլև` հավասար հնարավորություններ և պարտականություններ: Այս գաղափարախոսությունը ընկած է ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմքում:
Զեկուցման ժամանակ նախարարը նշեց, որ ինչպես անցած տարիներին, այնպես էլ 2010 թվականին ծրագիրը ուղղված կլինի հաշմանդամների կյանքի որակի բարելավմանն ու հասարակություն ինտեգրմանը` ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն ուղղված 2010 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են հաշմանդամների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման և հանրային իրազեկման, հաշմանդամների համար հավասար և մատչելի պայմանների ապահովման, հաշմանդամների կրթությանն ու մասնագիտական ուսուցմանը և զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղություններով:
Ինչ վերաբերվում է զբաղվածության կարգավորմանը, ապա ներկայումս այս ոլորտում իրականացվում են մի շարք ծրագրեր` ուղղված աշխատանքի խթանմանը, տնտեսության մեջ ընթացող զարգացումներին համապատասխան աշխատուժի մրցունակության բարձրացմանը, սոցիալապես խոցելի խմբերին զբաղվածության ոլորտ ներգրավելու և բնակչության սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը: Այնուամենայնիվ այս ոլորտում անելիքները դեռ շատ են, և չեն սահմանափակվում 1 տարվա կտրվածքով:
Զբաղվածության 2010թ. պետական ծրագիրը կնպաստի նախատեսվող միջոցառումների իրականացմամբ բնակչության զբաղվածության ապահովման համար պայմաններ ստեղծելուն, մասնավորապես` տնտեսության մեջ ընթացող զարգացումներին համապատասխան աշխատուժի մրցունակության բարձրացմանը, աշխատաշուկայում անմրցունակ խմբերին զբաղվածության ոլորտ ներգրավելուն և գործազրկության ընդհանուր մակարդակի նվազեցմանը:
Համաձայն “Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին” ԼՂՀ օրենքի 17-րդ և 21-րդ հոդվածների` սկսած 2010թ. հունվարի 1-ից քաղաքացիական ծառայողին վճարումները պետք է տրվեն անկանխիկ, նրանց հայեցողությամբ` չեկերով կամ նրանց նշած բանկային հաշվին դրամական փոխանցումներով: Նիստում քննարկման ներկայացված համապատասխան օրինագծով մինչև 2011թ. հունվարի 1-ը հետաձգվում է վճարումների հիշյալ ձևին անցումը, քանի որ մեր հանրապետությունում նշված համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները դեռևս ավարտված չեն:
Օրինագծերն ընդունվեցին: