Հաստատվել է ՀՀ և ԼՂՀ համագործակցության 2010թ. ծրագիրը

Օրերս հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունների համագործակցության  2010 թ. ծրագիրը:
Երկու նախարարությունների միջև համագործակցության արդյունքում  միշտ էլ դրական տեղաշարժերի, բարեփոխումների նախադրյալներ են ստեղծվել: Որ համագործակցությունը բավական ակտիվ է և արդյունավետ, անկասկած, կարելի է արձանագրել նաև բնակչության կենսամակարդակի բարելավմանն ոևղղված կյանքի կոչվող նոր ծրագրերի թվով ու բովանդակությամբ:
2010 թվականին ևս ՀՀ և ԼՂՀ սոցիալական ոլորտում քաղաքականություն իրականացնող երկու նախարարությունները կհամագործակցեն սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագիրն իրականացնելու, այդ թվում` ոլորտի կառավարման և տեղեկատվական համակարգի կարողությունների հզորացմանը, աշխատանքի, զբաղվածության, կենսաթոշակների և սոցիալական աջակցության արդյունավետ և կայուն համակարգի ստեղծմանն աջակցելու հարցերում:
Համագործակցության ծրագիրն ընդգրկում է համակարգվող ոլորտի գրեթե բոլոր ենթաոլորտները: Այն ներառում է նաև  ԼՂՀ քաղաքացիների սոցիալական ապահովության քարտային և անհատական (անձնավորված) հաշվառման համակարգերի ներդրմանը մեթոդական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, ԼՂՀ սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ կազմակերպելու մասին դրույթներ:
Կշարունակվի նախարարությունների միջև իրավական ակտերի նախագծերի մշակման և իրավական ակտերի կիրառման բնագավառում ևս համագործակցելու` նախկինում ձևավորված պրակտիկան:

 

ԿԻՍՎԵԼ