Արցախում էին ՀՀ ԲՍՓ գործակալության ներկայացուցիչները

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հրավերով ս.թ. փետրվարի 8-ից 13-ը Արցախում էին գտնվում ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության փորձաքննական  բաժնի պետ-վիրաբույժ  Լիպարիտ Սիմոնյանը, նույն բաժնի մասնագետներ Նելլի Մնացականյանը (նյարդաբան)  և Բելլա Հովհաննիսյանը (թերապևտ):
Այցի նպատակը ԼՂՀ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնին մեթոդական- խորհրդատվական աջակցություն ցուցաբերելն էր:
Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող երկու հանրապետությունների լիազոր  կառույցների փորձի փոխանակումն ու  հաճախակի շփումները` հատկապես վերջին շրջանում, բավական հաճախակի են դարձել: ՀՀ գործընկերների մեթոդական փորձագիտական աջակցությունը համեմատաբար նորաստեղծ ԼՂՀ  ԲՍՓ կենտրոնի մասնագետներին, արդեն իսկ շոշափելի արդյունքներ է տալիս:
Ս.թ. փետրվարի 9-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը` փոխնախարարներ Ս.Արզումանյանի, Լ.Ղուլյանի, Կենտրոնի տնօրեն Կ.Ղուկասյանի ներկայությամբ  ընդունել է հյուրերին`  ներկայացնելով նման այցելությունից նախարարության  ակնկալիքները:
Մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ԲՍՓ գործակալության փորձաքննական  բաժնի պատասխանատուների կողմից ուսումնասիրվել է ԼՂՀ ԲՍՓ կենտրոնի կողմից քննարկված շուրջ 500 հաշմանդամության գործ, որի արդյունքները հայաստանյան գործընկերները գոհացուցիչ են համարել ս.թ. փետրվարի 12-ին Նախարարի մոտ հրավիրված ամփոփիչխորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա դարձավ Կենտրոնի աշխատանքների կազմակերպման հարցում առաջացող հիմնական խնդիրը` բազմիցս նշված կադրային անբավարարության  հարցը:
Փաստորեն, Կենտրոնը, չունենալով տարածքային ԲՍՓ հանձնաժողովներ, որոնք հնարավոր չի լինում կազմավորել  կադրային պակասի պատճառով, ստիպված է լինում բավական լարված աշխատանք կազմակերպել, ինչը երբեմն իրավամբ դժգոհությունների առիթ է դառնում: Նշելով Արցախի հանրապետություն հրավիրվող բժիշկների խրախուսման` 2009թ.-ից ներդրված նոր համակարգի մասին, Նախարարը նշեց, որ ակնկալում է կադրային համալրումների հարցում ՀՀ ԲՓՍ գործակալության օժանդակությունը :
Չնայած ծանրաբեռնվածությանը, ըստ հայաստանյան մասնագետների, Կենտրոնի պատասխանատուները բավական արհեստավարժ մոտեցում են ցուցաբերում փորձագիտական  առումով, ինչը, բնականաբար, ոչ միշտ կարող  է գոհացնել հաշմանդամություն ակնկալող բոլոր քաղաքացիներին:
Իհարկե, ծագող դժվարությունները միայն ծանրաբեռնվածությանը վերագրել չի կարելի: ՀՀ գործընկերների դիտարկումները ցույց են տվել, որ այդ դժվարությունները ծագում են նաև առողջապահական որոշ հաստատությունների մասնագիտական թերացումների պատճառով, օրինակ, ակնհայտ ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու կամ բավական թերի իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով քաղաքացիներին ԲՍՓ կենտրոն ուղեգրելու դեպքերում: Նման դեպքերում ևս երկու լիազոր գերատեսչությունների` ԼՂՀ սոցապահովության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների ակտիվ համագործակցության անհրաժեշտության հարցում խորհրդակցության մասնակիցները համակարծիք էին:
Աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է լինում նաև տեխնիկական հագեցվածության մակարդակից: Առաջարկվեց հնարավորության դեպքում տեղում ունենալ, օրինակ, մինի դիագնոստիկ` անհրաժեշտ մինիմալ հետազոտությունները հենց Կենտրոնում կազմակերպելու համար:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև զինվորական հաշմանդամության սահմանման ժամանակ առաջացող որոշ հարցեր, որոնք խնդիր են նաև ՀՀ-ում:
ՀՀ ԲՍՓ գործակալության փորձաքննական  բաժնի ներկայացուցիչները իրենց մեկշաբաթյա ուսումնասիրությունների արդյունքների ամփոփիչ տեղեկանքը ներկայացրել են ԼՂՀ սոցապահովության նախարարությանը: Առաջարկությունները հաշվի կառնվեն հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:
Հանդիպման վերջում հյուրերին շնորհակալություն հայտնելով ակտիվ համագործակցության համար, Նախարարը հույս հայտնեց, որ ՀՀ և ԼՂՀ պատասխանատուների փոխայցելությունների` արդեն ձևավորված բարի ավանդույթը  շարունակական կլինի:

ԿԻՍՎԵԼ