ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության այցը Արցախ

Մարտի 1-ին և մարտի 2-ին Արցախում էր գտնվում  ՀՀ  խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակությունը, որը Ստեփանակերտ էր ժամանել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում նախատեսված սոցիալական ոլորտի հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էին ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արա Բաբլոյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, նույն  հանձնաժողովների նախագահների տեղակալներ և հանձնաժողովի անդամներ, փորձագետներ:
ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների ոլորտային  հանձնաժողովների համատեղ նիստերի ձևավորված ավանդույթը, անշուշտ, ի նպաստ է ծառայում երկու հայկական հանրապետությունների փոխհամագործակցության ամրապնդման և հասարակության գրեթե բոլոր խավերի խնդիրներն առավել շահեկան օրենսդրական լուծումներով ապահովելու առումով:
Մարտի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովում հրավիրված քննարկումներին մասնակցել է նաև ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցչական խումբը:
Իսկ մարտի 2-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում հյուրընկալվել են ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը և փորձագետ Լուիզա Չարխչյանը: Նրանց հետ կայացած հանդիպմանը, որին ներկա էին փոխնախարարներ Լենստոն Ղուլյանը և Սրբուհի Արզումանյանը, նախարարության ստորաբաժանումների պատասխանատուները, արծարծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին,  կենսաթոշակային բարեփոխումներին, սոցիալական ոլորտի լավարկմանը միտված օրենսդրական նոր նախաձեռնություններին և դրանց ընթացքավորման հնարավորություններին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում հյուրերին է հանձնվել “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլաս” գիրքը:

ԿԻՍՎԵԼ