Առանձին խմբերի քաղաքացիներին տրվող ամենամսյա դրամական օգնություն

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության առաջարկությամբ, ս.թ. ապրիլի 16-ին կայացած նիստում, ԼՂՀ կառավարությունը վերանայել է կոմունալ ծառայություններից օգտվելու համար առանձին խմբերի քաղաքացիներին տրվող ամենամսյա դրամական օգնությունների համակարգը, ինչը պայմանավորված է հանրապետության տարածքում բնական գազի, ինչպես նաև որոշ համայնքներում ջրամատակարարման, ջրահեռացման և աղբահանության սակագների աճով:
Ընդհանուր առմամբ թվով 13 կատեգորիաների պատկանող շուրջ 12 հազար անձանց վճարվող դրամական օգնության ամենամսյա չափերը 2010թ. մայիսի 1-ից կբարձրանան ավելի քան 30 տոկոսով և կկազմեն.
– զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամ զինծառայողների համար` 11900 դրամ` 9100 դրամի փոխարեն,
– Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների, նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև նշված պատերազմում զոհվածների ընտանիքների համար` 8900 դրամ` 6800 դրամի փոխարեն,
– Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց համար` 5900 դրամ` 4500 դրամի փոխարեն,
– 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների, հերոսների ու ԼՂՀ շքանշանակիրների, բռնադատվածների, ինչպես նաև միայնակ քաղաքացիների համար` 9400 դրամ` 7200 դրամի փոխարեն,
– տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամների համար` 11000 դրամ` 8400 դրամի փոխարեն,
– Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածների համար` 6500 դրամ` 5000 դրամի փոխարեն,
– խուլ-համր հաշմանդամների (3-րդ խումբ) համար` 5800 դրամ` 4400 դրամի փոխարեն,
– ԽՍՀՄ շքանշանակիրների համար` 3900 դրամ` 3000 դրամի փոխարեն:

Բացի դրանից` նաև ընդլայնվել է համակարգի շահառուների շրջանակը. սկսած 2010թ. մայիսի 1-ից, 3000 դրամի չափով ամենամսյա դրամական օգնություն կնշանակվի նաև զինծառայության հետ չկապված` 3-րդ խմբի բոլոր հաշմանդամներին, որոնց թիվը հանրապետությունում կազմում է ավելի քան 1500 հոգի:

Այս փոփոխությունների արդյունքում պետական բյուջեից ամսական կտրվածքով լրացուցիչ կծախսվի շուրջ 34.0 մլն դրամ, ինչը, առանձին խմբերի քաղաքացիների կողմից կատարվող կոմունալ ծախսերի բեռը մեղմելուց բացի, նաև դրականորեն կազդի նրանց կենսապայմանների վրա:

Իրավական հիմքը` ԼՂՀ կառավարության 16.04.2010թ. “ԼՂՀ կառավարության 24.01.2006թ. “Ամենամսյա դրամական օգնության մասին”  թիվ 34 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին”  թիվ 195-Ն որոշում

ԿԻՍՎԵԼ