2010թ. մայիսյան եռատոնի նախաշեմին Ստեփանակերտում հանդիսավոր պայմաններում բնակարանների բանալիներ հանձնվեցին 18 տարին լրացած առանց ծնողական խնամքի մնացած 6 երեխաների: Նրանց բնակարանամուտը` հաճելի իրողություններով պայմանավորված, տեղի ունեցավ հունիսի 28-ին: Ի կատարումն ԼՂՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 16-ի “Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող բնակարանների կահավորման մասին” թիվ 620 որոշման, ԼՂՀ սոցապահովության նախարարության աշխատակազմի ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության աշխատակիցները ջանք ու եռանդ չէին խնայել երիտասարդ տանտերերին գոհացնելու համար. ամեն ինչ, ամենափոքր մանրուքն անգամ, հաշվարկված էր, և յուրաքանչյուր բնակարան, ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին, կահավորվեց 2մլն դրամի սահմաններում: Այնպես որ` մեկսենյականոց հարմարավետ բնակարանները ճոխ ու գեղեցիկ կահավորանքով սպասում էին իրենց տերերին:
Բնակարանամուտի արարողությունը` մասնակցությամբ ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի, անկասկած, ընդմիշտ կմնա ճակատագրի կամոք առանց ծնողական խնամքի մնացած այս երեխաների հիշողության մեջ: Շեշտելով այս միտքը, նախարարը սրտանց շնորհավորեց նրանց և ուրախություն ու երջանկություն մաղթեց` իրենց երազանքների իրականացման ճանապարհին: Ն. Ասծատրյանի խոսքերով` խաթարված ճակատագրի տեր նման երեխաները գտնվում են պետության հոգածության ներքո: Այդ ծրագիրը շարունակական է և, ըստ նախարարի, առաջիկայում բնակարանամուտ կտոնեն առանց առանց ծնողական խնամքի մնացած ևս 6 երեխաներ: