ԼՂՀ կառավարության ս.թ. օգոստոսի 24-ի հերթական նիստում

Նիստում հավանության են արժանացել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից քննարկման ներկայացված երկու որոշումների նախագծեր:
Որոշումներից մեկի համաձայն` հիմք ընդունելով ՙՊետական կենսաթոշակների մասին՚ ԼՂՀ օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները՝ ստեղծվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով և հաստատվել այդ հանձնաժողովի աշխատակարգը։ Հստակեցվել են  ստաժ սահմանող հանձնաժողովի գործառույթները, լիազորությունների շրջանակը, բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժի սահմանման ընթացակարգը, բռնագաղթված անձին հաստատված ստաժի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր տրամադրելը և այլն։
Միաժամանակ ուժը կորցրած է ճանաչվել բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժի սահմանման գործող կարգը, ի տարբերություն որի, ընդունված նոր որոշման համաձայն, սահմանվող ստաժի ժամկետների սահմանափակումներ չեն նախատեսվել։
Որոշումը համահունչ է տվյալ ոլորտը կարգավորող՝ ՀՀ կառավարության 23.07.2009թ. N 907-Ն որոշման հետ, ինչը կարևորվում է երկու պետությունների կառավարությունների միջև կնքվելիք՝ ՙԿենսաթոշակային ապահովության բնագավառում ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին՚ համաձայնագրի կիրառման տեսանկյունից։
Նիստում քննարկման ներկայացված մյուս որոշման նախագիծը վերաբերվում էր կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչվելու դեպքում տուժողին հասանելիք գումարների վճարումների կազմակերպման կարգը սահմանելուն: Մասնավորապես, նախարարության առաջարկությամբ հաստատվեց  համապատասխան վճարների կապիտալացման, գումարների հաշվարկման և դրանք տուժողին վճարելու կարգն ու ժամկետները: Կապիտալացված գումարների վճարումը կազմակերպելու իրավասությունը վերապահվեց ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը:

 

ԿԻՍՎԵԼ