Այսօր տոն է, պայծառ ու լուսավոր տոն: Հոկտեմբերի 1-ին, շնորհիվ Միավորված ազգերի կազմակերպության որոշման, ամբողջ աշխարհում նշվում է տարեցների միջազգային օրը:
Բոլոր ժամանակներում էլ հասարակությունը խոր հարգանք ու պատկառանք է տածել տարեցների հանդեպ: Նրանց, որպես իմաստնության ու բարության խորհրդանիշի, գիտելիքներն ու կենսափորձը շատ անհրաժեշտ են մանավանդ այսօր` ժամանակների ու սերունդների կենդանի կապն ամրապնդելու, հայրենասիրության ու հավատարմության վառ օրինակներ դրսևորելու, բոլոր ճակատներում հրաշքներ արարելու համար:
Այս տոնական օրը ևս մեկ հնարավորություն է` գնահատանքի ու մեծարանքի խոսքեր ուղղելու այն մարդկանց, ովքեր իրենց բարեխիղճ, անդուլ աշխատանքով վաստակել են երջանիկ ծերության իրավունք, և առիթ`անդրադառնալու նրանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները: Այդ նրանք են, որ ամբողջ կյանքում աշխատել են, պաշտպանել հայրենիքը, կառուցել մեր քաղաքներն ու գյուղերը, ամրապնդել մեր տնտեսությունը, երկրի պաշտպանունակությունը, դաստիարակել մեզ, իրենց երեխաներին ու թոռներին, մի խոսքով`արել են ամեն ինչ`հայրենի երկրամասի զարգացման ու բարգավաճման համար: Այսօր մենք պետք է հոգանք ծերերի մասին, բարելավենք նրանց կյանքի պայմանները, իրական օգնություն ցուցաբերենք ծագած հիմնախնդիրները լուծելու համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, ի դեմս սոցիալական ապահովության նախարարության, կարևոր խնդիր է համարում կենսաթոշակառուների արժանապատիվ կյանքի ապահովումը, խնամքի պետական հաստատություններում սպասարկման ծառայությունների որակի հետագա բարձրացումը, ծերերի սոցիալական աջակցության նոր ձևերի ու մեթոդների ներդրումը:
Սիրելի հայրենակիցներ, վետերաններ, տատիկներ ու պապիկներ.
Այս տոն օրը ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, մաղթում քաջառողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք:Եղեք միշտ շրջապատված հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ: