Նախարարության կայքէջի մեկամյա գործունեության մասին

Այսօր` հոկտեմբերի 13-ին, մեկ տարի է, ինչ գործում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության պաշտոնական կայքէջը: Այն ստեղծվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից և կոչված է ապահովելու սոցիալական ոլորտում պետական քաղաքականության և նախարարության գործունեության թափանցիկությունը, ամրապնդելու նախարարություն-հասարակություն  անմիջական կապը: Սոցիալական բնագավառում կատարվող փոփոխություններն ու զարգացման միտումները  հնարավորինս հիմնավոր և մանրամասնորեն ներկայացված են կայքի համապատասխան էջերում: Յուրաքանչյուր այցելու այստեղ կարող է ծանոթանալ ոլորտին վերաբերվող` պարբերաբար թարմացվող օրենսդրությանը և հրատապ նորություններին, ինչպես նաև նախարարության գործունեությանն ու ծրագրերին:
Հաշվետու ժամանակաշրջանում նախարարության կայքէջում գրանցվել են ավելի քան  5000 այց` 34 երկրներից և 90 քաղաքներից: Այցելուների համար առավել ուշագրավ են հատկապես բժշկասոցիալական փորձաքննության, կենսաթոշակային ապահովության և սոցիալական ապահովագրության, աշխատանքի և զբաղվածության, ընտանիքի և երեխաների հիմնահարցերի ոլորտները: Ակտիվ գործում է կայքի էլեկտրոնային ընդունարանը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ուղարկել դիմումներ, ստանալ պատասխաններ, ինչպես նաև հերթագրվել ընդունելության համար:
ՙՆորք՚ ՏՎԿ-ի հետ սերտ համագործակցության շրջանակներում կայքէջը բացման օրվանից  թարմացվել է մի շարք նորույթներով.
Նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում բարեգործական ծրագրերին և դրանց արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ թելադրված` կայքի գլխավոր էջում տեղադրվել է ՙՆրանք Ձեր աջակցության կարիքն ունեն՚ պատուհանը, որը տեղեկություններ է պարունակում նախարարության բարեգործական ծրագրերի համակարգան բաժնում հաշվառված այն քաղաքացիների մասին, ովքեր տառապում են տարբեր բնույթի լուրջ հիվանդություններով: Այս պատուհանի տեղադրումը նպատակ է հետապնդում աշխարհի տարբեր երկրներում ապրող քաղաքացիների, սփյուռքահայության ուշադրությունը հրավիրել նման հրատապ խնդիրներին և օգնել նշված անձանց  գտնել հովանավորների, ովքեր պատրաստակամություն կհայտնեն օժանդակելու նրանց:
Գլխավոր էջում տեղադրված մեկ այլ պատուհանի` ՙԼՂՀ պահանջվող մասնագետներ՚, միջոցով այցելուները կարող են ծանոթանալ հանրապետության  տարածքում տարբեր ոլորտներում պահանջվող մասնագետների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկություններին: Այս նախաձեռնությունը գործազուրկներին և երիտասարդ սերնդին լայն հնարավորություն է տրամադրում կողմնորոշվելու ապագա աշխատատեղի ընտրության մեջ և նպատակ ունի խթանելու բնակչության զբաղվածության աճին:
Մշակման փուլում են գտնվում կայքէջի ՙՖոտոսրահ՚ և ՙԻրավական ակտերի նախագծեր՚ բաժինները:
Նախարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց,  կշարունակի կայքէջը համալրել նորույթներով, տրամադրել մատչելի տեղեկատվություն` դրանով իսկ ապահովելով թափանցիկ աշխատանք:
Ակտիվ համագործակցության համար պատրաստակամ ենք ընդունել և քննարկել կայքէջի հետ կապված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները:
/Հետադարձ կապ  info@mss.nkr.am/

ԿԻՍՎԵԼ