Գործազուրկների մասնագիտական ուսուցում

Զբաղվածության ոլորտի ակտիվ պետական ծրագրերի շրջանակներում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ս.թ. սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը կազմակերպվել է գործազուրկների մասնագիտական ուսուցման դասընթաց, որն իրականացվել է “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոն” ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի միջոցով:
Դասընթացի նպատակն էր` մասնագիտական ուսուցման միջոցով գործազուրկներին աջակցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման հարցում:
Երկու ծրագրերում` համակարգչային հաշվապահության և համակարգչային գործավարության, ընդգրկվել են գործազուրկներ մայրաքաղաքից և Քաշաթաղի  շրջանից: Ընդ որում` մասնակիցների կեսից ավելին բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ իգական սեռի ներկայացուցիչներ էին: Ուսուցման արդյունքներով վկայականներ են ստացել 21 գործազուրկներ:
Ուսուցման ամբողջ ծախսերը, այդ թվում` Քաշաթաղի շրջանից դասընթացներին մասնակցած գործազուրկներին տրվող ճանապարհածախսը, փոխհատուցվել է պետական բյուջեի միջոցներից: Ուսուցման ավարտին մասնակիցներին տրվել է  նաև կրթաթոշակ:
ԼՂՀ սոցապահովության նախարարությունը համապատասխան տարածքային մարմինների և գործատուների հետ ակտիվ աշխատանքներ կտանի դասընթացը հաջողությամբ յուրացրած գործազուրկներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ:
Միաժամանակ հարկ է նկատել, որ 2009թ. դեկտեմբեր և 2010թ. ապրիլ ամիսներին սոցապահովության նախարարության միջոցով մասնագիտական ուսուցում ստացած գործազուրկներից 19 հոգի արդեն տեղավորվել են աշխատանքի թ’ե մասնավոր և թ’ե  պետական հիմնարկներում. Ստեփանակերտ քաղաքից` 6 հոգի, Շուշի քաղաքից` 3 հոգի, Քաշաթաղի շրջանից` 8 հոգի, Ասկերան քաղաքից` 2 հոգի:

ԿԻՍՎԵԼ