Չնայած կառավարության ջանքերին, բնակչության զբաղվածության խնդիրը դեռևս մնում է սոցիալական ոլորտի առավել արդյունավետ լուծումներ պահանջող խնդիրներից: Յուրաքանչյուր հերթական ամենամյա ծրագիրը կազմելուց և ԼՂՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելուց առաջ կառավարությունը, ի դեմս սոցապնախարարության, իհարկե, ուսումնասիրում է առկա հիմնախնդիրները, կատարում վերլուծություն, որոնք էլ այդ ծրագրի կազմման հիմքն են հանդիսանում:
Վերջերս հաստատվեց զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագիրը: Ինչ է այն իրենից ներկայացնում, ինչ առաջնահերթ հարցեր են փորձելու լուծել ոլորտի պատասխանատուները գալիք տարում` ԼՂՀ սոցապ նախարար Ն. ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ հարցազրույցում:
1. Տիկին Ասծատրյան, սկսենք նրանից, թե ինչպիսինն է ԼՂՀ գործազրկության մակարդակը և անցած տարիների համեմատ այն նվազե ՞լ է, թե ՞ աճել:
2010թ. ինն ամսվա տվյալներով` հանրապետությունում գործազրկության մակարդակը կազմել է 5,6 %, ինչը 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 0,1% աճ, փոխարենը նվազել է նպաստառու գործազուրկների թիվը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 117 մարդով կամ 25,0%-ով: Նախորդ տարվա համեմատ հանրապետությունում գործազուրկների թիվն աճել է 1,4%-ով:
2. Գաղտնիք չէ, որ վիճակագրական տվյալները միշտ չեն արտացոլում ինչպես աշխատանքում զբաղվածների, այնպես էլ գործազուրկների իրական թիվը: Արդյո ՞ք աշխատանքներ տարվում են իրական գործազրկությունն ու իրական զբաղվածությունը բացահայտելու ուղղությամբ: Զբաղվածության ի ՞նչ ծրագրեր են գործում:
Աշխատանքներ, ուսումնասիրություններ, իհարկե, կատարվում են£ Ի դեպ, անհրաժեշտ է նկատի առնել, որ, ընդհանրապես, գործազուրկ են համարվում աշխատանք փնտրող, աշխատունակ և գործունակ այն չզբաղված անձինք, ովքեր չեն ստանում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի տեսակների), դիմում են համապատասխան տարածքային մարմին և ստանում գործազուրկի կարգավիճակ: Եվ բնականաբար, պաշտոնական վիճակագրությունը ներկայացնելիս առաջնորդվում ենք հենց այդ տվյալներով:
Անշուշտ, զբաղվածության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը թաքնված զբաղվածության բացահայտումն ու գործազրկության իրական մակարդակի ճշտումն է: Մեզ անհանգստացնում է երիտասարդների, կանանց և աշխատաշուկայում անմրցունակ անձանց շրջանում գործազրկության բարձր մակարդակը, գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածությունը, աշխատուժի մասնագիտական որակավորման անհամապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին, և մենք փորձում ենք նման մարդկանց մրցունակ դարձնել աշխատաշուկայի համար:
Որպես նորույթ, ԼՂՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակվել և արդեն 2-րդ տարին է հաջողությամբ գործում է աջակցություն բժիշկ-մասնագետներին ծրագիրը, որի նպատակն էր նախևառաջ հանրապետության բուժհաստատությունները պահանջարկ ունեցող մասնագետներով համալրելու: Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվում է 53 բժիշկ, որոնց 34,0%-ը` նոր հրավիրվածներ:
Ներկայումս մեր հանրապետությունում գործում են գործազրկության նպաստի վճարման, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի գործազուրկ անձանց, այդ թվում` հաշմանդամների մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման, այդ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրերը:
Նախարարությունը պատրաստ է նաև հատուցել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերը, գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար:
3. Խոսելով գործազրկության մակարդակի մասին` առաջին հերթին հասկացվում է աշխատաշուկայի բացակայություն: Սոցապնախարարությունը կատարու ՞մ է աշխատաշուկայի վերլուծություն, ինչպիսի ՞ն է իրավիճակն այնտեղ:
Չէի ասի, թե մեզ մոտ չկա ձևավորված աշխատաշուկա: Որոշ բնագավառներում նույնիսկ աշխատողների պահանջարկ է զգացվում. ԼՂՀ-ում պահանջարկ վայելող մասնագիտությունների ցանկը տեղադրված է սոցապահովության նախարարության կայքէջում: Այստեղ ես կշեշտեի մի կարևոր հանգամանք` աշխատանք կա տանելու մարդկանց հոգեբանության փոխման ուղղությամբ, հաճախ մարդիկ իրենց ոչ զբաղված են համարում, եթե չունեն պետական կառույցներում աշխատանք, հաճախ էլ առաջարկվող այս կամ այն աշխատանքը պատշաճ չեն համարում իրենց համար: Եվ սա`նույնիսկ որևէ կարգի կրթություն, մասնագիտություն չունենալու դեպքում:
Այս խնդիրը որոշակիորեն լուծելու նպատակով, 2011թ. պետական ծրագրով նախատեսում ենք թափուր աշխատատեղերի տոնավաճառի կազմակերպում, որ ակնկալում ենք, որ կհեշտացնի գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը, կօգնի գործատուին գտնել աշխատող, իսկ աշխատանք փնտրողին` աշխատատեղ:
Ինչ վերաբերում է աշխատաշուկայի վիճակին, ապա անցնող տարվա հոկտեմբերի 1-ի տվյալների վերլուծություններով` նախնական պաշտոնական գնահատմամբ, տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 62363 մարդ է, որի 94,4%¬ը զբաղված է տնտեսության տարբեր ճյուղերում:
4. Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը շարունակում է մնալ բարձր` 93,4%: Մեծ է նաև գործազուրկ երիտասարդների թիվը: Կառավարության նիստում գործադիրի ղեկավարն էլ անդրադարձավ դրան` հանձնարարելով աշխատանքներ տանել կանանց համար աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Ի ՞նչ է արվել և նախատեսվում կատարել այդ ուղղությամբ:
Իրոք, գործազրկությունը մեծ է թե կանանց և թե երիտասարդների շրջանում: Գործազուրկ երիտասարդների մեծաթիվության պատճառը հիմնականում մասնագիտական կողմնորոշման համակարգի բացակայությունն է, նրանց մասնագիտական կրթության և որակավորման անհամապատասխանությունն աշխատաշուկայի ներկայիս պահանջներին, աշխատանքային փորձի բացակայությունը: Այսպես, աշխատանքային փորձ չունեցող և աշխատանք փնտրող երիտասարդների թվաքանակը 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 155 մարդ, որոնց 86,0 %-ը շրջանավարտներն են:
Թերևս այստեղ գործատուների հետ ակտիվ համագործակցելու անհրաժեշտություն է զգացվում: Ճիշտ է` երբեմն գործատուները դիմում են այս կամ այն թափուր պաշտոնների համար գործազուրկներ գործուղելու խնդրանքով: Սակայն այդ դեպքերը չէի ասի թե մեծ թիվ են կազմում: Բացի դրանից, ոչ միշտ են այդ առաջարկները դրական լուծվում: Թափուր աշխատատեղերի չլրացման պատճառները տարբեր են. աշխատուժի մասնագիտական որակավորման անհամապատասխանություն գործատուի պահանջներին, երբեմն էլ աշխատանքային ոչ բավարար պայմանները (չկանոնավորված աշխատաժամեր, ցածր աշխատավարձ և այլն), տարածքներում համապատասխան մասնագիտությամբ աշխատուժի բացակայությունը:
Աշխատաշուկայի նման իրավիճակից ելնելով էլ հենց կազմակերպում ենք մասնագիտական ուսուցման, որակավորման աշխատանքները: Այսպես, օրինակ, ընթացիկ տարում մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվածների 61,0 %-ը կազմել են 18-30 տարիքի անձինք, իսկ կանայք` 82,0 %-ը:
Աշխատանքի պետական տեսչության միջոցով աշխատանքային պայմանների ուսումնասիրություն-դիտարկումներ ենք կազմակերպում գործատուների շրջանում: Նպատակը, նախևառաջ, վերահսկողության միջոցով վերջիններիս մոտ աշխատողների համար բարենպաստ և օրենսդրությանը համապատասխան պայմանների ապահովմանը նպաստելն է:
5. Եվ ի ՞նչ եք ակնկալում 2011-ի` զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրագործումից: Որքանո ՞վ այն կլուծի գործազրկության խնդիրը մեզ մոտ:
Որ ԼՂՀ բյուջեի շուրջ 60,0%¬ը նպատակաուղղվելու է սոցիալական ոլորտին (առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն), արդեն իսկ խոսում է այն մասին, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավումն ու բնագավառի խնդիրների լուծումը պետության համար կարևորագույն տեղում են:
Յուրաքանչյուր ենթածրագիր, որ ընդգրկված է այս ամենամյա ծրագրում, կազմված է բազմաթիվ միջոցառումներից, և սոցապնախարարությունը հետևողական է լինելու դրանց իրականացմանը: Արդյունքում ակնկալում ենք, որ այս ծրագիրը կնպաստի բնակչության զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանը: Մասնավորապես` տնտեսության մեջ ընթացող զարգացումներին համապատասխան աշխատուժի մրցունակության բարձրացմանը, աշխատաշուկայում անմրցունակ խմբերին զբաղվածության ոլորտ ներգրավելուն և դրանով իսկ` գործազրկության ընդհանուր մակարդակի նվազեցմանը: