Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի երեխաներ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
Հայտնի ասացվածք է` երեխաները մեր կյանքի ծաղիկներն են: Ու, որպեսզի այդ ծաղիկները երբեք չթոշնեն, հարկավոր է ամեն օր նրանց խինդ ու ծիծաղ, ուրախություն ու բերկրանք, մի խոսքով` տոն պարգևել: Նրանք մեր անցյալն են հիշեցնում ու մեր ներկան ծաղկեցնում և, իհարկե, վաղվա հույս ու հավատով ապրեցնում: Այդ անուշաբույր ծաղիկները մեր կյանքի սովորական ու անսովոր հրաշքներն են:
Ցանկացած երկրում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, երեխաների` ամենաանմեղ էակների հանդեպ ուշադիր ու հոգատար վերաբերմունքն արտահայտվում է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ: Առհավատչյան` ՙԵրեխաների իրավունքների մասին՚ ԼՂՀ օրենքը: Մեր հանրապետությունում, շնորհիվ պետական աջակցության, անհրաժեշտ կենսապայմաններ են ստեղծվում երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար. մասնավորապես, գործում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են ինչպես ընտանիքներում ապրող, այնպես էլ պետական հաստատություններում խնամվող երեխաների խնդիրների լուծմանը:
Մեր երեխաները, որպես հետնորդներ իրենց հերոս հայրերի, կոչված են դառնալու երկրի արժանի քաղաքացիներ` ուժեղ, առողջ, խելոք, համակողմանիորեն զարգացած, ամենաժամանակակից գիտելիքներով զինված և միշտ պատրաստ մեծ հղացումների` հանուն Արցախի: Այդ ճանապարհին մենք` ավագներս, պարտավոր ենք բարությամբ և ուշադրությամբ շրջապատել մեր երկրի փոքրիկ բնակիչներին, նրանց փոխանցել մեր անսպառ սերն ու հոգու ողջ ջերմությունը: Չէ ՞  որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի անհոգ, երջանիկ ու լիարժեք մանկության:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի երեխաներ: Դուք մեր հույսն եք և ապագան: Թող ձեզ համար բացվող օրը լինի գունեղ, լի գորովանքով ու քնքշանքով:

ԼՂՀ սոցապահովության նախարար
Ն. Ասծատրյան

 

ԿԻՍՎԵԼ