Սոցիալական ոլորտի հարգարժան ծառայողներ.
Արցախի գործադիր իշխանության, ընդհանրապես մեր պետության համար ներկա ժամանակաշրջանում ամենահրատապ խնդիրներից է էապես բարձրացնել ազգաբնակչության կենսամակարդակը, հասնել սոցիալական վիճակի անհրաժեշտ բարելավման: Այդ նպատակին են միտված պետական նշանակության տնտեսական բնույթի տասնյակ ծրագրեր, որոնք ներկայումս իրականացման փուլում են, և ակնկալվող արդյունքները լավ հիմք են հանդիսանալու նաև սոցիալական ասպարեզում զգալի առաջընթացի համար: Ուստի չափազանց կարևոր է, թե ձեռք բերած հնարավորություններն ինչպես պետք է վերածել սոցիալական նպատակային ծրագրերի և իրագործել դրանք: Ահա այստեղ է, որ հույժ գնահատելի են դառնում ձեր փորձն ու գիտելիքները, ձեր նվիրվածությունն ու բարեխղճությունը: Նաև սոցիալական համակարգի ծառայողների աշխատանքով է ձևավորվում երկրի բարոյա-հոգեբանական մթնոլորտը, մարդկանց հավատը` արդարության ու ապագայի նկատմամբ: Ձեր ամենօրյա շփումը մեր քաղաքացիների հետ պետք է լինի սրտացավ և օրինական վերաբերմունքի իսկական արտահայտություն, մի պահանջ, որ դուք կատարում եք այսօր, և այն մշտապես կատարելագործելու կարիք ունի: Սոցիալական սպասարկումը բոլորիս համատեղ ուժերով պարտավոր ենք հասցնել որակյալ ու արդիական աստիճանի:
Այս տարի հունիսի 10-ին առաջին անգամ ենք նշում սոցիալական աշխատողի օրը: Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ` մաղթում եմ ձեզ առողջություն և ամենայն հաջողություններ ձեր գործունեությունում: Դուք պետության յուրահատուկ բանբերներն եք մեր կարիքավոր քաղաքացիների շրջանում, և թող միշտ բարի լուրեր փոխանցեք նրանց և վստահելի ու համոզիչ լինեն ձեր խոսքն ու գործը:
Մեկ անգամ ևս շնորհավոր ձեր մասնագիտական օրը:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ