ԼՂՀ սոցիալական ապահովության համակարգը բոլորեց իր 80-ամյակը: 1931թ. առ այսօր ոլորտի աշխատողներն իրենց նվիրել են բնակչության սոցիալական պաշտպանության տարաբնույթ խնդիրների լուծմանը: Նրանց` ինքնանվիրում, ուշադիր ու զգայուն վերաբերմունք, ֆիզիկական և հոգեկան ուժերի մեծ լարում պահանջող աշխատանքը չէր կարող չգտնվել ԼՂՀ իշխանությունների տեսադաշտում:
Սոցիալական աշխատողի ոչ դյուրին աշխատանքի արժեվորմանն էր նվիրված 2011թ. հունիսի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով համակարգի հոբելյանի և սոցիալական աշխատողի օրվա առթիվ, ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը, մասնավորապես, ասաց. ՙԱյսօր այս դահլիճում են ոլորտի մի մեծ խումբ աշխատողներ, նրանք, ովքեր իրենց վաստակով, գործին անմնացորդ նվիրվածությամբ ու բարեխղճությամբ արժանի են մեծարանքի: Դուք, որ խորհրդանշում եք նախորդ և ներկա սերունդների կենդանի կապը, ձեր ողջ կարողությունները, փորձն ու գիտելիքները ի սպաս եք դրել համակարգի կայացմանը, նրա լավագույն ավանդույթների պահպանմանն ու բազմապատկմանը՚:
Հանդես գալով արարողությանը` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Ա. Ղուլյանը շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեց սոցիալական աշխատողներին, ապա Ազգային ժողովի պատվոգրեր հանձնեց սոցապահովության բնագավառի մի խումբ ներկայացուցիչների:
Սոցիալական աշխատողի օրվա և համակարգի ստեղծման 80-ամյակի կապակցությամբ հանձնվեցին նաև ԼՂՀ կառավարության պատվոգրեր, ԼՂՀ սոցապահովության նախարարի շնորհակալագրեր, ինչպես և թանկարժեք նվերներ: