Նորույթ զբաղվածության ոլորտում

Երիտասարդների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, մասնավորապես` հաշմանդամների զբաղվածության ապահովմանն աջակցելու նպատակով 2012 թ. կիրականացվեն նոր ակտիվ ծրագրեր:
1. ՙՄասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ՚:
Պրակտիկայի կազմակերպման ծրագրի տևողությունը 1-5 ամիս է:  Պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում պրակտիկանտին կվճարվի աշխատավարձ` ՙՆվազագույն ամսական աշխատավարձի մասին՚  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված  գումարի չափով, պրակտիկան անցկացնող անձին` նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան ՙՆվազագույն ամսական աշխատավարձի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Գործատուին կտրամադրվի գումար` պրակտիկանտի համար կատարվող  սոցիալական ապահովության վճարները փոխհատուցելու համար: Ծրագրի նպատակն է` աջակցել գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին ձեռք բերել իրենց մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ, աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ և տեղավորվել հարմար աշխատանքի:

2.ՙԱշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ՚:Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հաշմանդամի համար աշխատատեղի հարմարեցման նպատակով կփոխհատուցվեն գործատուի կողմից  կատարված աշխատանքի միջոցների` գույքի, սարքավորումների, աշխատանքային գործիքների ձեռքբերման, մոնտաժի և տեղադրման հետ կապված ծախսերը: Ծրագրի նպատակն է` գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման միջոցով աջակցել հաշմանդամին տեղավորվելու հարմար աշխատանքի, իսկ գործատուին` համալրել առկա թափուր աշխատատեղը:

3. ՙԳյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցում՚: Նախկինում գործող օրենքի համաձայն մասնագիտական ուսուցման դասընթացներին կարող էին մասնակցել միայն գործազուրկները, աշխատաշուկայում անմրցունակ խմբերը և երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձինք: Այժմ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց ևս հնարավորություն կտրվի ընդգրկվել իրականացվող մասնագիտական ուսուցման ծրագրում և ուսուցման ողջ ընթացքում ստանալ կրթաթոշակ:

Համաձայն ԼՂՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1033-Ն որոշման` գործազրկության նպաստի չափը սահմանվել է 19500 դրամ: Նախկինում գործազրկության նպաստի չափը սահմանվում էր ՙԲնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

Աշխատանքի և զբաղվածության բաժին

ԿԻՍՎԵԼ