2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՚ ԼՂՀ օրենքը, որը փոխարինել է մինչ այդ գործող` ՙԺամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին՚ ԼՂՀ օրենքին:
Սահմանված որոշ նորամուծություններ ներկայացվում են ստորև.
Մինչև 2012թ. հունվարի 1-ն առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքերում նպաստներն ամբողջությամբ վճարվում էին պետական բյուջեի միջոցների հաշվին, մինչդեռ միջազգային պրակտիկայում անաշխատունակության առաջին օրերի համար նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին կամ չեն վճարվում, ինչը նվազեցնում է գործատուի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու և այդ ժամանակահատվածի համար պետական բյուջեից վարձատրվելու ռիսկը:
2012թ. հունվարի 1-ից գործող` ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՚ ԼՂՀ օրենքի հիմքում ընկած է ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման հայաստանյան ձևաչափը, համաձայն որի`
– վարձու աշխատողի նպաստը (բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի) ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, իսկ նպաստի մնացած մասը` պետբյուջեի միջոցների հաշվին,
– անհատ ձեռնարկատերերի ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաև վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստն ամբողջությամբ վճարվում են պետբյուջեի միջոցների հաշվին:
Փոփոխությունների են ենթարկվել նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափերի հիմքում դրվող` միջին ամսական աշխատավարձի (եկամտի), ինչպես նաև նպաստների հաշվարկման կարգերը, մասնավորապես.
– վերացվել են 8 տարուց քիչ աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև 100.0 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության դեպքերում միջին աշխատավարձի հաշվարկված չափի նվազեցումները,
– վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների (հաշվարկային ժամանակահատված) եկամուտը 12-ի բաժանելու միջոցով, ընդ որում, տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամկետը 12 ամսից պակաս լինելու դեպքում` հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի կողմից վճարված աշխատավարձը` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը:
– մեկ օրվա նպաստի չափը և նպաստի ընդհանուր գումարը հաշվարկելիս օրացուցային օրերի փոխարեն հիմք են ընդունվում աշխատանքային օրերը, ընդ որում` տարբերակում է մտցվել հնգօրյա և վեցօրյա աշխատանքային շաբաթներով աշխատող անձանց նպաստների չափերի հաշվարկման բանաձևերում,
– անհատ ձեռնարկատերերի համար սահմանվել է միջին ամսական աշխատավարձի (եկամտի) առավելագույն շեմ` նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկի չափով և այլն:
Սահմանվել են նաև ճշտումների և ստուգումների արդյունքում եկամտի փոփոխման դեպքերում ավել վճարված նպաստի գումարի հետպահման և պակաս վճարված նպաստի գումարի վճարման մեխանիզմները: