Հանդիպում ֆիզիոթերապիստների միջազգային միության անդամներ Կ. Պետիտի և Լ. Էուվերտենայի հետ

Ս. թ.  մարտի 15-ին ԼՂՀ սոցապահովության նախարարի մոտ տեղի ունեցավ հանդիպում ֆիզիոթերապիստների միջազգային միության անդամներ  Կ. Պետիտի և  Լ. Էուվերտենայի հետ, որոնք  Արցախ են ժամանել ՙՔերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՚ ՊՈԱԿ-ի  գործադիր տնօրեն Վ. Թադևոսյանի նախաձեռնությամբ:
Կ. Պետիտը   շնորհակալություն հայտնեց ջերմ  ընդունելության համար և նշեց, որ առաջին անգամ է  Արցախում:  Այցի նպատակն է` ծանոթանալ սոցիալական ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող քաղաքականությանը, բացահայտել միասնական համագործակցության, փորձի և գիտելիքների փոխանակման և հաշմանդամներին հասարակություն ինտեգրելու  ճանապարհին վերականգնողական միջոցառումների ճիշտ և լիարժեք կազմակերպման հնարավորությունները:
Ողջունելով հյուրերին` նախարար  Ասծատրյանը համառոտ ներկայացրեց երկրում տիրող սոցիալական վիճակը, այդ ուղղությամբ պետության կողմից տարվող քաղաքականությունը:   Հանդիպման  ժամանակ   Լ. Էուվերտենան  հետաքրքրվեց նաև նախարարության համակարգում գործող  ԲՍՓ կենտրոնի, ՙՍտեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՚ և  ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ ՊՈԱԿ-ների  գործնեության մասին:
Հանդիպման վերջում նախարարը իր երախտագիտության խոսքը հղեց հյուրերին` ավելացնելով, որ  արդյունքի հասնելու համար ցանկալի է նման հանդիպումները  ունենան շարունակական բնույթ, ինչը ողջունվեց մասնակիցների կողմից:

ԿԻՍՎԵԼ