Լենորա Սուրենի Համբարձումյանի երախտագիտության խոսքը` ուղղված ԼՂՀ սոցապահովության նախարարությանը` ի դեմս նախարար Ն. Ասծատրյանի:
Հարգարժան տիկին Ասծատրյան.
Այն ժամանակ, երբ իմ ընտանիքը գտնվում էր հուսահատ և բարդ իրավիճակում, ես դիմեցի Ձեզ` օգնության ակնկալիքով:
Պահանջվող գումարը շատ մեծ էր և մեզնից շատ ժամանակ ու մեծ ջանքեր պահանջվեցին: Ճիշտ է, եղան հուսահատության պահեր, ինչպես նաև թյուրիմացություններ, բայց հուսով եմ, որ կհասկանաք մեզ և ներող կլինեք:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմ որդին հետազոտվեց նաև Մոսկվայում, բայց այդպիսի վիրահատություն իրականացնելու համար համապատասխան սարքավորումներ նրանք նույնպես չունեին:
2012թ. հունիսի 29-ին Արմենի վիրահատությունը Բեռլինում բարեհաջող կատարվեց: Այժմ նա վերադարձել է տուն և իրեն լավ է զգում:
Ուզում եմ իմ ընտանիքի երախտագիտությունը և խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ` այդ ծանր պահին մեզ աջակցելու և օգնություն ցուցաբերելու համար: Ձեր նախարարության կողմից տրամադրված օգնությունը իր յուրահատուկ տեղն ունեցավ իմ որդու կյանքի փրկության համար:
Խորին շնորհակալություն անձամբ Ձեզ և նախարարության աշխատողներին` նյութական օգնության և իմ որդու հարցին սրտացավ մոտեցման համար:
Թող աշխարհը խաղաղ ապրի և աշխարհի բոլոր բարի մարդիկ միշտ հատուցվեն բարությամբ ու ջերմությամբ:
Լ. Համբարձումյան
16.07.2012թ.
Ծանոթություն: Լենորա Սուրենի Համբարձույանը ս.թ. փետրվարի 27-ին դիմել է ԼՂՀ սոցապահովության նախարարությանը` օգնության ակնկալիքով: Որդին` Արմեն Համբարձումյանը, ծնված 1992թ., Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկի զավակ է, տառապում էր հետորովայնամզային տարածության նևրիլեմոմա հիվանդությամբ: Խնդրանքն էր` հովանավոր գտնել որդու բուժումը, որի արժեքը կազմում էր 30000 Եվրո, Գերմանիայում կազմակերպելու համար:
Շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական և տեղական մարմինների, անհատ բարերարների, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ Ժամ) և Ռուսաստանի Դաշնության մի խումբ հայ բարերարների աջակցության` հանգանակվել է Արմեն Համբարձումյանի բուժման համար անհրաժեշտ գումարը, և Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջնորդությամբ սույն թվականի հունիսի 19-ին կազմակերպվել նրա տեղափոխումը Գերմանիայի Բեռլին քաղաքի համապատասխան մասնագիտացված կլինիկա: