ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԸ 2014Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԸ 2014Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ

«Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2014թ. հունվարի 1-ից ներդրվել է աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձևեր, աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքի տարբերակված չափ, ինչպես նաև կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու նոր կարգ։

ԼՂՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 28-ի N 967-Ն որոշմամբ, 2014թ. հունվարի 1-ից, հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 14000  դրամ, աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը` առաջին 10 տարվա համար` 700 դրամ, իսկ 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ:

Ստորև ներկայացվում է կենսաթոշակների հաշվարկման բանաձևերի և այդ բանաձևերում կիրառվող ելակետային տվյալների մասին աղյուսակ՝ որից օգտվելով յուրաքանչյուր քաղաքացի կարող է ինքնուրույն հաշվարկել իր կենսաթոշակի չափը.

Աշխա­տանքային ստաժի միջա­կայքը Հիմնական կենսա­թոշակի չափը (ՀԿ) Աշխա­տանքային ստաժի 1 տարվա արժեքը Անձնական գործակիցը (Գ) Կենսաթո­շակի գումարը (ՀԿ+աշխատան­քային մաս)
մինչև 10 տարի 14000  դրամ 700 դրամ 0.1 x ստաժ 14000+(ստաժ x 700) x Գ
11–40 տարի 14000  դրամ 450 դրամ 1+0.01 x (ստաժ – 10) 14000+(7000+(ստաժ-10)x450) x Գ
41-75 տարի 14000  դրամ 450 դրամ 1.3+0.02 x (ստաժ-40) 14000+(7000+(ստաժ-10)x450) x Գ
76 տարի և ավելի 14000  դրամ 450 դրամ 2 14000+(7000+(ստաժ-10)x450) x Գ

Օրինակ`

1) 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + 7000 x 0.1 x 10 = 21000 դրամ,

2) 15 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000+(7000+(15-10)x450)x(1+0.01x(15-10)) = 14000+(7000+2250)x1.05 = 23713 դրամ,

3) 40 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000+(7000+(40-10)x450)x(1+0.01x(40-10))=14000+(7000+13500)x1.3 = 40650 դրամ,

4) 45 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + (7000+(45-10)x450)x(1.3+0.02x(45-40)) = 14000 + (7000+15750) x 1.4 = 45850 դրամ:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների հաշվարկը ևս կատարվում է նշված բանաձևերի կիրառմամբ, բացի այդ, ստացված գումարը ավելացվում է`

1-ին խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 40 %-ով, այսինքն՝ 5600 դրամով (14000×40%),

2-րդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 20 %-ով, այսինքն՝ 2800 դրամով (14000×20%)։

Օրինակ`

10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող՝ 1-ին խմբի հաշմանդամի աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 21000 + 5600 = 26600 դրամ, իսկ 2-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակը՝ 21000 + 2800 = 23800 դրամ:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելիս հիմնական կենսաթոշակին (14000 դրամ) ավելացվում է վերը նշված բանաձևով հաշվարկվող կենսաթոշակի աշխատանքային մասի 50%-ը:

Օրինակ`

10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձի մահվան դեպքում նրա խնամքի տակ գտնված անձի կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի` 14000 + 7000 x 50% = 17500 դրամ:

Որոշ դեպքերում՝ 2014թ. հունվարի 1-ից հաշվարկված կենսաթոշակի չափը կարող է ցածր լինել անձի՝ մինչ այդ հաշվարկված և վճարվող կենսաթոշակի չափից (օրինակ, եթե անձն ունի 83 կամ ավելի տարվա աշխատանքային ստաժ)։ Այս դեպքում կենսաթոշակի նախկին չափը պահպանվում է։

ԼՂՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության

 պետական գործակալություն

 

ԿԻՍՎԵԼ