Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ սոցիալական աշխատողի օրվա առիթով: Այս տոնի առանձնանշումը վկայում է մեր հասարակության մեջ սոցիալական աշխատողի դերի կարևորությունը: Արդեն ութուկես տասնամյակ է, որ մեր երկրում սոցիալական համակարգը ծառայում է իբրև կամուրջ պետության ու հասարակության միջև, և այդ երկարամյա աշխատանքի առանցքը մշտապես եղել է հասարակության խոցելի խավերի իրավունքների պաշտպանությունն ու նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Առ այսօր էլ սոցիալական աշխատողը աջակից ձեռք է`պարզված հանրությանը: Նա դարձել է հույսի ու սատարումի խորհրդանիշ: Ուստի պատասխանատվություն ու պատիվ է սոցիալական աշխատող լինելը, որովհետև նրա վարքագիծն ու կեցվածքն են պետության հանդեպ հավատ ու վստահություն ամրագրում, նրա վերաբերմունքով ու պահվածքով են չափորոշվում արդարամտությունն ու սոցիալական համերաշխությունը:
Սիրելի գործընկերներ, ձեր մարդկային կերպարով դուք պիտի միշտ օրինակելի լինեք, որ ձեզանով խորհրդանշվի մարդկային ամենամեծ առաքինությունը` կարեկցելու ու սատարելու ունակությունը:
Եղեք առողջ, թող ձեր աշխատանքի ու նվիրումի հատուցումը լինի հասարակության բարեկեցությունն ու ապահովվածությունը, ձեր ներկայությունը միշտ լինի հովանի ու դուք լիապես բավարարված լինեք թե՛ տվածով, թե՛ գտածով: